«ԲՀԿ-ն չզիջեց վարչապետին՝ հասկանալով, որ նա այն հեղինակությունը չունի, ինչ ուներ հոկտեմբերին». Արմեն Բադալյան
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում տրանսգենդերի ելույթին հաջորդած գործընթացներին՝ նշեց, որ քաղաքական ուժի ղեկավարը կողմնակիցներին իր շուրջը պահելու համար երկու տարբերակ ունի՝ տալիս է լուսավոր ապագայի տեսլականը և ասում, որ գնում են այնտեղ, երկրորդը՝ մատնանշում է թշնամիներին և միավորում կողմնակիցներին՝ թիրախին հարվածելու համար։
«Թշնամիներ գտնելն ինքնանպատակ չէ, այն կողմնակիցներին իր կողքը պահելու համար է, քանի որ մարդու կողմնակիցները որքան նրանից հեռանան, այնքան նրա վարկանիշն ընկնելու է։ Ակնարկ եղավ, թե ԱԺ հանձնաժողովների նախագահներից ով պետք է զիջի պաշտոնը, ԲՀԿ-ն հստակ ասաց, որ չի պատրաստվում այդ պաշտոնը զիջել, որից հետո «խիստ պատահականորեն» ՊԵԿ-ը գնաց «Առինջ մոլ» ստուգումների։ Չեմ կարծում, որ այս հակամարտությունը երկարի, բայց այս պահին ԲՀԿ-ն չզիջեց, քանի որ արդեն հասկանում է, որ վարչապետը հեղինակության այն ուժը չունի, ինչ նախորդ տարվա հոկտեմբերին ուներ»,- ասաց քաղտեխնոլոգը։
Նրա գնահատմամբ՝ եթե այս հակամարտությունն ավարտվի ոչ-ոքի, ապա այն կլինի ԲՀԿ-ի հաղթանակը, քանի որ հոկտեմբերին վարչապետն էր հաղթանակ տարել ԲՀԿ-ի նկատմամբ՝ նրա հետ հուշագիր կնքելով։
Զվարթ Խաչատրյան