Կոբախիձեն Սաակաշվիլիին անվանել է «օտարերկրյա գործակալ» և կրկին մեղադրել 2008-ի պատերազմը սկսելու մեջ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անվանել է «օտարերկրյա գործակալ» և հերթական անգամ նրան մեղադրել 2008 թվականի օգոստոսին պատերազմ սանձազերծելու մեջ։ Կոբախիձեն այս հայտարարությունն արել է Ռուսաստանի հետ պատերազմի 18-րդ տարելիցի կապակցությամբ։
«Մենք պատերազմը սկսելու մեջ մեղադրում ենք Սաակաշվիլիի արյունալի ռեժիմին։ Այդ ժամանակ այս երկիրը ձևականորեն ուներ դավաճան գլխավոր հրամանատար.Սաակաշվիլին ամոթալի, կեղտոտ օտարերկրյա գործակալ է»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ երրորդ նախագահը փորձել է «իրեն վերագրել» հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված վրացի զինվորականների հերոսությունը։
Արձագանքելով լրագրողների հարցին, թե արդյոք իշխանությունների հայտարարությունները չեն վարկաբեկում սեփական երկիրն ու նրա պաշտպաններին, Կոբախիձեն նշել է, որ հենց «Վրացական երազանքի» կառավարությունն է միջազգային ասպարեզում պաշտպանել վրացի զինվորի պատիվը։ Նրա խոսքով՝ Հաագայի և Ստրասբուրգի միջազգային դատարաններում իշխանություններին հաջողվել է ապացուցել, որ «վրացի զինվորը պատերազմական հանցագործություններ չի կատարել»։
Պատերազմը սկսելու մեղադրանքներից բացի, Կոբախիձեն կասկածի տակ է դրել 2008 թվականին Սաակաշվիլիի իշխանության լեգիտիմությունը։ Նրա պնդմամբ՝ 2008 թվականի հունվարին կայացած արտահերթ նախագահական ընտրությունները «լիովին կեղծվել են», ինչն էլ դարձել է ողբերգական Էսկալացիան կանխորոշող հիմնական գործոններից մեկը։

