Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան հրաժարվեց առանց գործարքի Brexit-ի դեպքում նախատեսված գործողությունների ծրագրից. The Guardian

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մինչեւ հոկտեմբերի 31-ը Եվրամիությունից երկրի դուրս գալու ժամկետի նոր հետաձգման կապակցությամբ, որը ապրիլի 11-ին հաստատվել է ԵՄ-ի արտակարգ գագաթնաժողովում, հայտարարել է հատուկ պայմաններում՝ ԵՄ-ի հետ գործարքի բացակայության դեպքում, գործողությունների ծրագրի չեղարկման մասին: Այդ մասին ապրիլի 12-ին հայտնել է The Guardian թերթը:

Ընդսմին Operation Yellowhammer անվանված ծրագրի իրագործման նախապատրաստման ծախսերը, ըստ հրատարակության տվյալների, արդեն գերազանցել են 1,5 մլրդ ֆունտ ստեռլինգը (գրեթե 2 մլրդ դոլար):

«Մենք հրաժարվեցինք օպերատիվ պլանից, եւ այդ որոշումն անհապաղ ուժի մեջ է մտնում»,-թերթը մեջբերել է նախարարների կաբինետի հայտարարությունը: Նման միջոցներ, ինչպես պարզ է դառնում հաղորդագրությունից, հետագայում կձեռնարկվեն «միայն համակողմանի քննարկումից հետո»:

«Որպես պատասխանատու կառավարություն, մենք ավելի քան երկու տարի պատրաստվում էինք այն բանին, որ նվազագույնի հասցնենք ամեն տեսակ խափանումները գործարքի բացակայության դեպքում»,-իր հերթին նշել է վարչապետի դիվանատան պաշտոնական ներկայացուցիչը: Սակայն վերջին իրադարձությունների լույսով, հատուկ միջոցների ընդունման ժամկետները, նրա խոսքով, վերանայվել են:

«Մենք այսուհետեւ էլ անհրաժեշտ բոլոր քայլերը կանենք» ծագող խնդիրները լուծելու նպատակով»,- հավաստիացրել է նա:

Ծրագրին համապատասխան, նախատեսվում էր Միացյալ Թագավորությունում մտցնել «օպերատիվ կառավարման» հատուկ համակարգ, որը կներառեր գրեթե 6 հազար մարդ: Այն կոչված էր կանխելու, մասնավորապես, պարենամթերքի, վառելիքի, ֆինանսական ոլորտում ռեսուրսների անբավարարությունը: Նրա աշխատակիցները սերտորեն կապված են արտակարգ հանգամանքներում, տվյալ դեպքում՝ առանց գործարքի Brexit-ի պայմաններում, երկրի կառավարմանը մասնակցող առաջատար նախարարությունների ու գերատեսչությունների հետ:

Դրանց թվում են՝ շրջակա միջավայրի պահպանության, պարենամթերքի եւ գյուղատնտեսական զարգացման, տրանսպորտի, ֆինանսների նախարարությունները եւ թագավորական հարկային-մաքսային ծառայությունը:

Մեծ Բրիտանիան ԵՄ-ն պետք է լքեր 2019 թվականի մարտի 29-ին, այսինքն՝ դուրս գալու մասին գրավոր ծանուցում տալուց երկու տարի անց: Քանի որ ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը արգելափակված է մնում բրիտանական խորհրդարանում, որն արդեն երեք անգամ մերժել է այն, ԵՄ-ի գագաթնաժողովը մարտի 21-22-ին Լոնդոնին հետաձգում տրամադրեց մինչեւ ապրիլի 12-ը: Սակայն վարչապետ Մեյին չհաջողվեց գործընթացը դուրս բերել քաղաքական փակուղուց, ինչից հետո նա դիմեց Եվրամիությանը այդ ժամկետը երկարացնելու խնդրանքով: Ապրիլի 11-ին Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան համաձայնեցրին հանրակցության կազմից թագավորության դուրս գալու նոր ժամկետը՝ մինչեւ հոկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս