Բաժիններ՝

«Նաիրա Զոհրաբյանի արձագանքը խտրական էր». Հայտարարություն

Ապրիլի 5-ին ԱԺ «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր պարբերական դիտարկման վերաբերյալ քննարկում, որին մասնակցում էին Կառավարության, ԱԺ-ի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Հարկ է նշել, որ նմանատիպ քննարկումը իր տեսակի մեջ առաջինն էր, երբ ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման հանձնարարականները քննարկվում էին ԱԺ-ում՝ տարբեր շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ և մասնակցությամբ։

Հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության գործում յուրաքանչյուրի կարևորությունը, ողջունում ենք՝

ա. ՀՀ ԱԺ «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» մշտական հանձնաժողովի այս նախաձեռնությունը, որը հնարավորություն է տալիս համակողմանի և արդյունավետորեն քննարկել մարդու իրավունքների իրադրությունը և առկա խնդիրները ՀՀ-ում, ինչպես նաև համատեղ ջանքերով գտնել դրանց հնարավոր լուծումներ՝ արդյունավետորեն կիրառելով ՄԱԿ-ի ՀՊԴ-ն։

բ. ՀՀ Կառավարության՝ մասնավորապես Արդարդադատության, Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և այլ պետական ինստիտուտների ներկայացուցիչների ներգրավվածությունը այս գործընթացում և ՀՊԴ-ի շրջանակներում համագործակցության պատրաստակամությունը։

գ. Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ակտիվ ներգրավվածությունն այս գործընթացներին։

Հատկանշական է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր պարբերական դիտարկման վերաբերյալ քննարկման ընթացքում ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այնպես էլ Կառավարության ներկայացուցիչների կողմից ընդգծվեց խտրականության դեմ պայքարի շրջանակներում խտրականությունից պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ նախատեսող համապարփակ օրենսդրության մշակման և ընդունման անհրաժեշտությունը։ Մի քանի անգամ շեշտադրվեց հասարակության բոլոր խմբերի՝ ներառյալ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։

Սակայն, երբ ելույթների փուլում ելույթ ունեցավ տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Իրավունքի կողմ» ՀԿ նախագահ՝ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը, նիստը նախագահող, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայն իր վրդովմունքն արտահայտեց ելույթի առնչությամբ՝ նշելով, որ տրանսգենդեր անձանց խնդիրները օրակարգում ներկայացված չեն եղել, հետեևաբար այդ թեմայի մասին խոսելը անհարգալից վերաբերմունք է իր եւ խորհրդարանի նկատմամբ։

Հարկ է նշել, որ խորհրդարանական լսումների վերաբերյալ նախապես տարածված հաղորդագրություններում և օրակարգում նման սահմանափակում նախատեսված չի եղել, և լսումների ընթացքում եղել են նաև այլ թեմատիկ ելույթներ։ Դեռ ավելին, օրակարգային հարցերի մեջ ներառված էր նաև խտրականության արգելքի սկզբունքի ամրապնդման հարցը, որին լիարժեք համապատասխանում էր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը։

Տիկին Զոհրաբյանի արձագանքը Լիլիթ Մարտիոսյանի ելույթին գնահատում ենք որպես խտրական և մարդու արժանապատվությունը նվաստացնող և կոչ ենք անում ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ ԱԺ այլ պատգամավորներին

  • հանդես գալ Նաիրա Զոհրաբյանի ելույթը դատապարտող հայտարարություններով,
  • հրավիրել ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողով և քննել սույն միջադեպը,
  • վերանայել Նաիրա Զոհրաբյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելու նպատակահարմարությունը։

Փինք իրավապաշտպան ՀԿ
Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ
Մարդու իրավունքների տուն Երևան
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
Հելսիկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Նոր սերունդ մարդասիրական ՀԿ
Իրավական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ
«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն

Հայտարարությունը բաց է միանալու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս