Բաժիններ՝

Օպերային թատրոնի աշխատակիցները Նազենի Ղարիբյանից պահանջում են հեռանալ պաշտոնից

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները պահանջում են ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը, նաև՝ չեղարկել Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշումը, հակառակ դեպքում իրենք գործադուլ կիրականացնեն: Այդ մասին այսօր թատրոնում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հայտնեց օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը:

«Այսօրվա ներկայացումը` «Դիմակահանդեսը», տեղի կունենա, քանի որ տոմսերը վաճառված են, կանցկացվի նաև ապրիլի 4-ին նախատեսված «Կախարդական ֆլեյտա» ներկայացումը: Բայց մենք պահանջում ենք Նազենի Ղարիբյանի հրաժարականը, ու եթե նա պահանջը չիրականացնի, մենք գործադուլ ենք իրականացնելու»,-շեշտեց Ավետիսյանը: Նրա հայտարարությունը ծափողջյուններով ընդունվեց:

Օպերային թատրոնի աշխատակիցները նաև որոշեցին մարտի 30-ից  ստորագրահավաք իրականացնել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի դեմ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Բեմադրիչ Նաիրե Ստեփանյանի խոսքով` Կոնստանտին Օրբելյանը մեծ կշիռ ունի աշխարհում: «Ով էլ նրան փոխարինի` տնօրեններ, օպերային արվեստից ինչ-որ բան հասկացող մարդիկ, ոչ մեկ չունի Օրբելյանի թափը, որ կարողանա մեր օպերային արվեստը բարձրացնել այն մակարդակին, որ աշխարհում մեզ ճանաչեն»,-շեշտեց նա:

Օպերային թատրոնի աշխատակազմի ղեկավար Արթուր Դալլաքյանն ասաց, որ գուցե շատերը չգիտեն, բայց Կոնստանտին Օրբելյանն իր անձնական գրպանից մեծ գումարներ է ներդրել թատրոնի համար: Նա պրոյեկտորներ է նվիրել թատրոնին, իր հաշվին լուրջ մասնագետների է արտերկրից Հայաստան հրավիրել բեմադրություններ անելու, վարպետության դասեր անցկացնելու համար:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը շեշտեց, որ Կոնստանտին Օրբելյանն իր գործի նվիրյալն է, իսկ նվիրյալներին պետք է բարձրացնել, ոչ թե փորձել ինչ-որ կերպ խանգարել: «Նա մարդ է, որը թողել է իր բարեկեցիկ կյանքը, եկել է Հայաստան, որ օգտակար լինի մեր մշակույթին, ու նա կարողանում է օգտակար լինել»,-ընդգծեց Սաթյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս