Ի՞նչ նկատի ուներ հանձնակատար Հանը՝ նշելով, թե նոր ձևաչափ չպետք է ստեղծվի, և ի՞նչ նախապայմանների մասին էր խոսում Մոգերինին. Պարզաբանում են Եվրահանձնաժողովի խոսնակի ծառայությունից

Օրերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերաբերյալ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների արած որոշ դիտարկումներ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տվել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ ուշագրավ մեկնաբանություններով էին հանդես եկել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Դոնալդ Տուսկը մասնավորապես ասել էր, որ ստատուս-քվոյի պահպանումը չի կարող երկար շարունակվել, և անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

Իր հերթին՝ Յոհանես Հանը ՀՀ վարչապետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում արձագանքելով Նիկոլ Փաշինյանի խոսքերին, թե՝ «մեր դիրքորոշումը չի փոխվել, որ հարցի արդյունավետ կարգավորման համար նախևառաջ անհրաժեշտ է արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակը բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն ապահովելն է», ասել էր․ «Նոր հանդիպումներն արդեն իսկ առաջընթաց են: Ինչ վերաբերում է մեր աջակցությանը, կարծում եմ, որ պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով, նոր բան չստեղծենք: Բայց շատ կարևոր են փոխվստահության զարգացման միջոցները»:

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարները քննարկվել էին նաև Փաշինյանի մյուս բարձրաստիճան հանդիպումների ժամանակ, որոնց ընթացքում ՀՀ վարչապետը պնդում էր, թե բանակցային ձևաչափը պետք է վերականգնվի, և Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանին:

Ուշագրավ էին նաև Փաշինյան-Մոգերինի հանդիպման Ղարաբաղյան նրբերանգները: ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նշել էր, որ կողմ է վարչապետ Փաշինյանի լիարժեք կերպով ներգրավվածությանը բանակցային գործընթացում՝ առանց նախապայմանների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Այս հայտարարություններից հետո` մարտի 5-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունելով Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, գոհունակություն էր հայտնել եվրահանձնակատարների հայտարարությունների առթիվ: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները եվրոպացի պաշտոնյաների վերոնշյալ դիտարկումներին այլ մեկնաբանություններ են տալիս, հիմնավոր ենթադրություններ կան, որ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներն այս հայտարարություններով ըստ էության արձագանքում են ՀՀ վարչապետի այն պնդումներին, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, և այդ հարցը պետք է քննարկվի Ադրբեջանի նախագահի հետ իրենց առաջիկա պաշտոնական հանդիպման ընթացքում:

168.am-ը Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի արած դիտարկումների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեց Եվրահանձնաժողովի մամլո ծառայությանը:

Մեր հարցին, թե ի՞նչ նկատի ուներ հանձնակատար Հանը՝ նշելով, թե նոր ձևաչափ չպետք է ստեղծվի, և ի՞նչ նախապայմանների մասին էր խոսում ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրահանձնաժողովի խոսնակի ծառայությունից դիվանագիտական պատասխաններ տվեցին:

«ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել միջնորդական ջանքերին ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներին, այդ թվում՝ Հարավային Կովկասում ու Վրաստանի ճգնաժամում ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով, ինչպես նաև քաղաքացիական հասարակության վստահության ամրապնդման միջոցառումների միջոցով: Բոլորը կշահեն երկարատև խաղաղությունից, որը կօգնի հարավկովկասյան տարածաշրջանին իրացնել իր ողջ ներուժը»,- ասված է Եվրահանձնաժողովի պարզաբանման մեջ:

168.amին ուղարկված պատասխանում նաև նշվում է. «ԵՄ-ն այն համոզմանն է, որ կարևոր կլիներ, որպեսզի առաջիկայում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպեին բովանդակային քննարկումների համար ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո»:

Տեսանյութեր

Լրահոս