Բաժիններ՝

Հայրապետյանը Սաքունցին չէ նկատի ունեցել

Հուլիսի 25-ին, ժամը 11:00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ափինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արթուր Սաքունցն` ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի` գործով նախնական դատական նիստը:

Հայցադիմում ներկայացնելու հիմք են հանդիսացել 2012թ. մայիսի 25-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդման հյուր` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշ արտահայտություններ, ինչպես, օրինակ` «Երբ որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց չգիտես ինչի` հայտնվեց Հելսինկյան մի հատ ինչ-որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ ու բռնեց դատի տվեց մեզ, քաղաքապետարանին, ավագանու որոշմանը, այդ թվում ֆեդերացիան էլ`որպես երրորդ կողմ, պատասխանող: Հիմա դրանք մի քանի կոպեկ արտասահմաններից գրանտները ստանում են, գրանտների հաշվին ցանկացած գեղեցիկ բան այսօր վարկաբեկում են»:

Հայցվորի ներկայացուցիչ Կարեն Թումանյանի հետ զրույցում ճշտեցինք, որ այսօր տեղի ունեցած նիստին Ռ. Հայրապետյանը չի ներկայացել, փոխարենը ներկայացել է գեղեցկադեմ մի աղջիկ, որպես նրա ներկայացուցիչ, ում անունը նիստի ընթացքում այդպես էլ չի հնչել: Կ.Թումանյանի փոխանցմամբ` պատասխանողը նախնական դատական նիստի ընթացքում դիրքորոշում է հայտնել, որ Ռ. Հայրապետյանը «Հելսինկյան մի հատ ինչ-որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ» արտահայտությունը ասելով` Ա. Սաքունցին չէ նկատի ունեցել: Սաքունցի ներկայացուցիչ Կարեն Թումանյանի այն հարցը, թե «Այդ դեպքում ո՞ւմ է ի նկատի ունեցել, եթե ոչ` Սաքունցին», դատավոր Ափինյանը հանված է համարել` թույլ չտալով պատասխանել:

Հիշեցնենք, որ հայցվոր կողմը դատարանից պահանջում է Ռուբեն Հայրապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել Արթուր Սաքունցից, հետևյալ բովանդակությամբ. «Ես` Ռուբեն Հայրապետյանս, 2012թ. մայիսի 25-ին հանրային հեռուստատեսության «Լրացուցիչ ժամանակ»  հաղորդաշարի եթերում թույլ եմ տվել ոչ պատշաճ, վիրավորական արտահայտություններր «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի հասցեին, որի համար ներողություն են խնդրում», ինչպես նաև որպես փոխհատուցում` Ռուբեն Հայրապետյանից հօգուտ Արթուր Սաքունցի պահանջում են բռնագանձել 10 դրամ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս