Բաժիններ՝

Ցյուրիխյան էթնո-ջազային խումբը հանդես կգա Երևանում

Authentic light orchestra խմբի երևանյան համերգը կկայանա ապրիլի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Խմբի կազմում հանդես կգան Վալերի Տոլստովը (ֆլեյտա, ստեղնաշարային և ժողովրդական գործիքներ), Եվգենի Լեբեդևը (դաշնամուր), Անտոն Ռևնյուկը (բաս), Իգնատ Կրավցովը (հարվածային գործիքներ): Կմասնակցեն թառահար Միքայել Ոսկանյանը և սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, ինչպես նաև Open string quartet-ը: Համերգի հատուկ հյուրն է դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը: Երեկոյի ընթացքում կհնչի էթնո-ջազային ինքնատիպ երաժշտություն:

Authentic light orchestra-ն հիմնվել է 2009 թվականին Ցյուրիխում` Վալերի Տոլստովի կողմից: Չնայած խմբի կազմը փոքր է, բայց գործիքային բազմազանության շնորհիվ այն նվագախումբ է հիշեցնում: Համերգի ժամանակ երաժիշտներն օգտագործում են 15-30 և նույնիսկ ավելի շատ գործիքներ:

Խումբը սիրում է հանդես գալ իմպրովիզներով. օրինակ` համերգի ժամանակ դուդուկը հանկարծ կարող է փոխարինվել սաքսոֆոնով, իսկ ակուստիկ գործիքները` էլեկտրոնայիններով, և այդպես շարունակ: Խմբին ոգևորում է հատկապես հայկական ժողովրդական երաժշտությունը: Խմբում տարբեր տարիների ընթացքում ընդգրկված են եղել նաև հայ երաժիշտներ: Կոլեկտիվի «Beyond the house» անվանումը կրող ձայնասկավառակի գովազդով և տարածմամբ զբաղվել է հայ մենեջեր Աստրիդ Գրիգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս