«Պետք է փորձենք այս հակամարտությունից օգուտներ քաղել՝ միևնույն ժամանակ չսրելով իրավիճակը»
Հարցազրույց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ
– Պարոն Սարգսյան, փետրվարի 27-ին ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի առաջին աշխատանքային օրն էր ՀՀ-ում: Ի՞նչ կարելի է ակնկալել նրա աշխատանքից հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
– Կարծում եմ՝ նոր դեսպանը պրոֆեսիոնալ և պատրաստված դիվանագետ է, բավականին լուրջ ճանապարհ է անցել ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչությունում, այսինքն՝ Պետական դեպարտամենտում, կարևոր նշանակումներ է ունեցել տարբեր պետություններում, փայլուն պատկերացում ունի նաև մեր տարածաշրջանի վերաբերյալ։ Իր նշանակման ժամանակ Սենատում ունեցած ելույթը վկայում է, որ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ բավականին լավ պատկերացում ունեցող անձնավորություն է։ Այս առումով, կարծում եմ՝ դրական աշխատանք կիրականացնի երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝ իր իրավասությունների շրջանակներում։
– Իսկ ի՞նչ ժառանգություն է ստացել նախորդից, ի՞նչ կիսատ գործեր կան։
– Կարծում եմ՝ որպես այդպիսին, ավարտին չհասցված գործեր չկան, իհարկե, կան օրակարգային հարցեր, որոնք լուծումներ են պահանջել ու պահանջելու են, կան մարտահրավերներ, այդ թվում՝ հայ-ամերիկյան ճահճացած իրավիճակում։ Անելիքներ շատ կան, և, կարծում եմ, դեսպանն իր փորձը կներդնի՝ ակտիվացնելու երկկողմ բարձր մակարդակի շփումները, փոխայցելությունները, միևնույն ժամանակ զարկ կտա հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչը չափազանց կարևոր է, հատկապես՝ բիզնես մտածելակերպ ունեցող Թրամփի վարչակազմի օրոք։ Կարծում եմ՝ սա չափազանց կարևոր առաքելություն է, և դեսպանը մեծ հաշվով ներկայացնելու է ԱՄՆ նախագահին ՀՀ-ում, ԱՄՆ ժողովրդին, և, լիահույս եմ, որ բավականին ինտենսիվ և հետևողական աշխատանք կտարվի՝ հայ-ամերիկյան հարաբերությունների տնտեսական բաղադրիչի խորացման տեսանկյունից։
– Մեկնարկել է ՀՀ վարչապետ Փաշինյանի այցն Իրան։ Ի՞նչ սպասել այս ուղղությամբ։
– Կարծում եմ՝ Իրանի հետ բարձր մակարդակի երկխոսությունը պահպանվում է նաև նոր իշխանությունների օրոք, որևէ փոփոխության միտում այստեղ չկա։ Ես դա ողջունում եմ, որովհետև Իրանը հարևան բարեկամ պետություն է, և Իրանի հետ մեր հարաբերությունները չափազանց կարևոր են՝ նաև հաշվի առնելով իրանաամերիկյան լարված հարաբերությունները, ՀՀ-ն մինչ օրս կարողանում է ընտրություն չկատարել այս կամ այն կողմի օգտին, ու նման ընտրություն չի էլ պարտադրվում։ Կարծում եմ՝ Իրանի հետ պետք է փորձենք խորացնել մեր հարաբերություններն առևտրատնտեսական և այն ոլորտներում, որոնք ամերիկյան պատժամիջոցների տակ չեն հայտնվել, իսկ այդպիսիք շատ են։ Այստեղ մանևրելու լայն հնարավորություն կա, մենք ոչ թե պետք է դառնանք հակամարտող կողմերի գործողությունների արդյունքում տուժող, այլ հակառակը՝ պետք է փորձենք այս հակամարտությունից օգուտներ քաղել՝ միևնույն ժամանակ չսրելով իրավիճակը, և մեր փոքր հնարավորությունների դեպքում կարողանանք ինչ-որ առումով որոշակի բեկում մտցնել այս լարվածության մեջ։
– Այսինքն՝ իրանաամերիկյան լարվածության պայմաններում Փաշինյանի այցը բացասական չի՞ ընկալվի Վաշինգտոնում։
– Իհա՛րկե ոչ։ Տարածաշրջանում բախվող շահերի տեսանկյունից Հայաստանը նույնիսկ կարող է ինչ-որ քայլեր ձեռնարկել, որ մեր տարածաշրջանում կողմերի բախումներն այդքան էլ սուր չլինեն։ Իհարկե, Վաշինգտոնն ուշադրությամբ կհետևի այս այցի բոլոր հնարավոր մանրամասներին, բայց ես չեմ կարծում, որ Վաշինգտոնը Երևանի հանդեպ ինչ-որ ճնշումներ կգործադրի՝ ստիպելով հրաժարվել նման այցերից կամ երկկողմ հարաբերությունների խորացման փորձերից։ ԱՄՆ-ում կա այդ ընկալումը, որ Իրանը մեզ համար չափազանց կարևոր բարեկամ պետություն է, 2 բաց սահմաներից մեկն է՝ դեպի բաց աշխարհ, և թե՛ ի պատիվ Վաշինգտոնի, թե՛ ի պատիվ Թեհրանի, մեզ երբևէ ընտրություն չի պարտադրվել։ Այնպես որ, մենք օգտվելով այս իրավիճակից՝ երկու պետությունների հետ հարաբերությունները պետք է խորացնենք և չվնասենք մեր անձնական պետական շահերը։
– Արցախի հարցում Փաշինյանի որդեգրած դիրքորոշման տեսանկյունից, որ Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցային սեղան, Իրանը կարո՞ղ է ինչ-որ դերակատարում ունենալ, ազդել Ադրբեջանի վրա՝ հաշվի առնելով արդբեջանաիրանական հարաբերությունները։
– Չեմ կարծում, որ էստեղ կարող է որևէ միջամտություն լինել Արցախը բանակցային սեղանի շուրջ բերել-չբերելու հարցում։ Իհարկե, Իրանը տարածաշրջանային գերտերություն է, և նրա շահերը հաշվի են առնվում բոլոր խաղացողների կողմից։ Բնականաբար, չլինելով ՄԽ համանախագահ պետություն, դա բացարձակ չի նշանակում, որ Իրանը գործընթացներից տեղյակ չէ կամ հետաքրքրություններ չունի։
– Աշխարհի մակարդակով այսօր ևս 2 խոշոր այցեր են տեղի ունենում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է՝ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի, իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
– Այո, սա ԱՄՆ նախագահի երկրորդ հանդիպումն է Կորեայի առաջնորդի հետ, առաջինը տեղի ունեցավ ամիսներ առաջ Սինգապուրում, երկրորդը տեղի է ունենում Վիետնամում։ Այս պետությունները, բնականաբար, պատահաբար չեն ընտրվել այդ հանդիպումները կազմակերպելու համար։ Կարծում եմ՝ հանդիպումներն օգտակար կլինեն, որովհետև եթե կան երկկողմ բարձր մակարդակի շփումներ, ուրեմն կան օրակարգային կարևոր հարցեր, որոնք կարող են լուծվել բացառապես առաջնորդների անձնական շփումների ու որոշումների արդյունքում։ Սա, իհարկե, ողջունելի է և համաշխարհային անվտանգության ճարտարապետության տեսանկյունից չափազանց կարևոր է, որ հակամարտություններ, հրթիռային ու միջուկային ծրագրեր չլինեն, և այլն։
Ինչ վերաբերում է Իսրայելի վարչապետի այցին Մոսկվա, ակնհայտ է, որ այստեղ առաջնային է դառնալու սիրիական ճգնաժամը։ Սա չափազանց կարևոր խնդիր է թե՛ Իսրայելի, թե՛ Ռուսաստանի համար։ Չմոռանանք նաև, որ ֆորմալ առումով Իսրայելը դուրս է մնացել Իրան-Թուրքիա-Ռուսաստան եռյակի աշխատանքներից։ Իհարկե, Նաթանյահուն իր գործընկերոջից տեղեկություններ կստանա, թե ինչ է ծրագրում Մոսկվան իրականացնել Սիրիայում, ինչ է ծրագրում Իրանը, ինչ է ծրագրում Թուրքիան։
Մոսկվան չափազանց մեծ նշանակություն է ձեռք բերել մերձավորարևելյան քաղաքականության մեջ՝ ներքաշվելով Սիրիայում։ Սա մի ազդեցության գոտի է, որտեղ Ռուսաստանը վաղուց ներկայացվածություն չուներ, ԽՍՀՄ փլուզումից հետո այդքան էլ ակտիվ չէր Մերձավորարևելյան քաղաքականության մեջ, և, մտնելով Սիրիա՝ միանգամից ամբողջությամբ ազդեցություն ձեռք բերեց Մերձավոր Արևելքում, արդեն դարձել է կարևորագույն խաղացողներից մեկը, եթե չասենք՝ կարևորագույնը։ Կարծում եմ՝ սա է պատճառը, որ Բենիամին Նաթանյահուն գտնվելու է Մոսկվայում, հանդիպելու է Պուտինի հետ, և նրանց օրակարգում առաջնային լինելու են հենց սիրիական ճգնաժամն ու դրա հանգուցալուծման հետ կապված հարցեր։