Մոլդովացի սոցիալիստներն ամրապնդել են դիրքերը ձայների 99 տոկոսի հաշվման արդյունքներով
Նախագահամետ Սոցիալիստների կուսակցությունն առավել մեծ թվով մանդատներն է ստանում Մոլդովայի խորհրդարանում՝ 101 մանդատից 34-ը: Այդ մասին վկայում են ընտրությունների արդյունքների վերաբերյալ ճշտված տվյալները, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են արձանագրությունների 99 տոկոսի տվյալների ամփոփումից հետո:
Սոցիալիստների կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների 31,32 տոկոսը եւ կարող է 19 մանդատ ստանալ ըստ կուսակցական ցուցակների:
Երկրորդ տեղը ձայների 26,41 տոկոսով զբաղեցրել է ACUM եվրոպամետ դաշինքը: Այն կարող Է ստանալ 15 մանդատ: Նրանց հաջորդում է Մոլդովայում կառավարող Դեմոկրատական կուսակցությունը, որը հավաքել է ձայների 23,86 տոկոսը եւ կարող է ստանալ 13 մանդատ: Խորհրդարան կանցնի նաեւ «Շոռ» կուսակցությունը, որը հավաքել է ձայների 8,4 տոկոսը:
Նա հինգ մանդատ կստանա խորհրդարանում: Ըստ միամանդատ ընտրատարածքների՝ Սոցիալիստների կուսակցությունն ստացել է 15 մանդատ, Դեմոկրատական կուսակցությունը՝ 18, ACUM դաշինքը՝ 11, «Շոռ» կուսակցությունը՝ երկու:
Եւս երեք մանդատ կստանան անկախ թեկնածուները: Այսպիսով՝ Մոլդովայի Հանրապետության սոցիալիստական կուսակցությունը կարող է ստանալ ընդհանուր առմամբ 34 մանդատ, Դեմոկրատական կուսակցությունը՝ 31 մանդատ, ACUM դաշինքը՝ 26, «Շոռ» կուսակցությունը՝ 7: Խորհրդարան կանցնեն նաեւ երեք անկախ պատգամավորներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: