«Տավուշն առանց հանքի» ֆլեշմոբ է սկսվել. բնակիչները դեմ են
Սոցիալական ցանցերում` «Ես բնության հետ եմ», «Տավուշն առանց հանքի» ֆլեշմոբ է սկսվել:
Մարզի բնակիչները նշում են, որ դեմ են Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում ոսկու, արծաթի, պղնձի, ցինկի և կապարի որոնման ու դրանց պաշարների հաշվարկման աշխատանքներին, որը նախատեսում է իրականացնել «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն:
Նրանք ընդգծում են՝ բնության պահպանությունն անձնական, կուսակցական ու քաղաքական շահ չի ճանաչում, բնության պահպանությունը յուրաքանչյուրիս և բոլորիս մտահոգությունն ու խնդիրն է:
Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը 168.am-ի զրույցում ասաց, որ փետրվարի 27-ին համայնքապետարանում լսումներ են նախատեսված, և այդ ժամանակ պարզ կլինի, թե ինչպիսի՞ն է բնակիչների վերաբերմունքը:
«Մասնակցելու են թե՛ մարզի բնակիչները, թե՛ ներկայացուցիչներ Բնապահպանության նախարարությունից»,- հայտնեց Լորիկ Բադիրյանը:
«Հիմա փորձում են հետազոտական աշխատանքներ կատարել, եթե, իհարկե, հաջողվի: Բնապահպանները երբ իրենց համաձայնությունը տան, որ վտանգ չկա, կգան հետազոտական աշխատանքներ կազմակերպելու»,- հավելեց Վազաշեն համայնքի ղեկավարը:
Նշենք, որ հանքերևակման տեղամասը գտնվում է Գուգարաց լեռնաշղթայից դեպի արևելք ձգվող Վահագնի լեռնաճյուղի լանջերին՝ Աղստև գետի ստորին հոսանքի ավազանում, Վազաշեն համայնքի վարչական տարածքում: ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն 2017 թ. դեկտեմբերին հիմնադրվել է Կանադայի քաղաքացիություն ունեցող Վահագն Ժայռենց Գայայանի կողմից:
ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ