Սպանություն Ջրվեժում
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու 28-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները:
2019 թվականի փետրվարի 24-ին` ժամը 19:55-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի առաջին դաշտում հայտնաբերվել է արական սեռի դի` կրծքավանդակի աջ և ձախ կեսի կողմնային մակերեսներին և աջ բազկի ստորին երրորդականի հետին մակերեսին հրազենային վնասվածքներով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը; վերջինս հաշվառված էր Արմավիրի մարզում՝ ծնված 1990թ.
Քրեական գործով կատարված դեպքի վայրի զննությամբ դիակի հագուստի միջից հայտնաբերվել է կրակված գնդակ, դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ հայտնաբերվել է նաև 4 հատ 9 մմ տրամաչափի ատրճանակի պարկուճ:
Հարցաքննվել են մի շարք անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, հողագիտական, գենետիկական, ձգաբանական, հետքաբանական և քիմիական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: