ԿԺԴՀ-ի առաջնորդի «նմանակին» արտաքսել են Վիետնամից
Վիետնամի իշխանությունները երկրից արտաքսել են ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի «նմանակին»՝ չինական ծագմամբ ավստրալացի դերասան Հովարդ Էքսին: Այդ մասին հայտնել է Channel News Asia հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ դերասանը Վիետնամ էր ժամանել անցած շաբաթ՝ ԱՄՆ-ի նախագահի նմանակի՝ դերասան Ռասել Ուայթի ուղեկցությամբ: Դերասանները հանրությանը հայտնվել էին Հանոյի օպերային թատրոնի առջեւ, որտեղ պահապանների ուղեկցությամբ անցկացրել էին երկու երկրների ղեկավարների «կեղծ գագաթնաժողով», որը գրավել էր լրագրողների ուշադրությունը:
Արդեն փետրվարի 22-ին Էքսին հարցաքննել են Վիետնամի ոստիկանության աշխատակիցները, որոնք նրան հայտնել են, որ նա ուղարկվելու Է Հոնկոնգ, որտեղ նա ապրում է: Վիետնամի միգրացիոն ծառայության աշխատակիցներն Էքսին հայտնել են, որ նրա այցագիրն «անվավեր» է, սակայն հյուսիսկորեացի առաջնորդի «նմանակը» ավելի մանրամասն բացատրություններ չի ստացել:
«Իսկական պատճառն այն է, որ ես ծնվել եմ մի դեմքով, որը նման է Կիմ Չեն Ունի դեմքին, ահա թե ինչն է իսկական հանցագործությունը»,- լրագրողներին հայտարարել է Էքսը՝ ուղեւորվելով Վիետնամի օդանավակայան:է
Հեռուստաալիքի տվյալներով՝ Ռասել Ուայթը կկարողանա մնալ Վիետնամում, սակայն երկրի իշխանությունները նրան արգելել են հանրության առջեւ երեւալ Թրամփի կերպարով:
ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարները՝ Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ունը, իրենց երկրորդ հանդիպումը Հանոյում կանցկացնեն փետրվարի 27-28-ին: