Մեր կրթության որակը
Մեր կրթության համակարգի խնդիրները հասարակական ուշադրության կենտրոնում պարբերաբար են հայտնվում: Գլխավոր գործոնը սեզոնն է: Բարձրագույն կրթության մասին հասարակությունը խոսում է միայն ամռան ամիսներին` երբ ինչ-որ ծանոթի երեխա միասնական կոչվող քննություններ է հանձնում: Հանձնում ու սպասում է արդյունքներին: Միասնական քննությունների արդյունքներն այս տարի հրապարակվեցին քննությունների ավարտից մեկ ամիս հետո: Հիմա հասարակությունը մասամբ կուրախանա բուհ ընդունված դիմորդների համար: Մյուսների համար` ախուվախ կքաշի: Ու վերջ: Բարձրագույն կրթության հիմնախնդիրները նորից կարժանանան հասարակական անտարբերությանը: Մասնագետներն արդեն մոտ մի տասնամյակ խոսում են կրթության որակի անկման մասին: Նրանց խոսքն անհրաժեշտ արձագանք չի ստանում: Մինչդեռ կրթության որակի գնահատման ստույգ չափանիշներ կան: Օրինակ` արտասահմանցի ուսանողների քանակը: Վերջին տարիներին այն չի աճում: Ավելին, արտասահմանցի ուսանողների ցուցակում որոշակի կառուցվածքային փոփոխություններ արձանագրվեցին: Հայաստանյան բուհական համակարգի համար խորհրդային տարիներից գործընկեր պետությունների ցուցակ էր ձեւավորվել: Անցած դարի 60-ական թվականներից Հայաստանում բարձրագույն կրթություն էին ստանում Հնդկաստանից, Մերձավոր Արեւելքից (Իրան, Սիրիա եւ այլն) ժամանած ուսանողներ: Հինգ-վեց տարի առաջ այս երկրների կառավարությունները զգուշացնում էին, որ կհրաժարվեն մեր երկրի կրթական դիպլոմները ճանաչել, եթե որակի բարձրացման կտրուկ քայլեր չձեռնարկվեն: Բոլոնյան շարժմանը միանալու քողի տակ իրականացված կիսատ-պռատ բարեփոխումների հետեւանքով այդ երկրներն, ի վերջո, հրաժարվեցին մեր դիպլոմներից: Հիմա Հայաստանում սովորող արտասահմանցի ուսանողների մեծ մասը ռուսաստանցի հայեր են: Նրանք վերջին 20 տարում արտագաղթածների երեխաներ են, ովքեր ունեն ՌԴ քաղաքացիություն: Բայց նրանց ծնողներն ի վիճակի չեն իրենց որդիների բարձր կրթավարձը մուծել ռուսական բուհերում: Իհարկե, Հայաստանում կան կրթական հաստատություններ, որոնց ավարտական վկայականն այս կամ այն չափով հարգանք վայելում է: Խոսքը Ամերիկյան, Ֆրանսիական եւ Սլավոնական համալսարանների մասին է: Ոչ պետական այս բուհերի գործունեությունը չսթափեցրեց մեր Կրթության նախարարությանը: Ավելին, մի քանի տարի առաջ կրթության նախարարի (այժմ` արդեն նախկին) դուստրը սովորում էր այդ ոչ պետական համալսարաններից մեկում: Եվ ահա Երեւանի Ամերիկյան համալսարանը հայտարարում է եկող ուսումնական տարվանից նախնական բարձրագույն կրթության` բակալավրիատի ծրագիր սկսելու մասին: Սա մի կողմից` ուրախալի փաստ է: Որքան ինձ հայտնի է, այս համալսարանը բակալավրիատ չուներ, որովհետեւ մեր դպրոցների շրջանավարտները բավարար չափով չէին տիրապետում անգլերեն լեզվին: Հիմա, կարելի է ենթադրել, որ պատկերը փոխվել է: Կարելի է ենթադրել նաեւ, որ մեր պետական բուհական համակարգը կզրկվի մի քանի հարյուր շնորհալի դիմորդների խմբաքանակից: Կզրկվի ու կշարունակի անկումը: Ցավալի է հատկապես այն փաստը, որ մեր բուհերը ոչ պետական համալսարաններին «զիջում» են հիմնականում արդիական համարվող ու քիչ թե շատ պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով: Ամերիկյան համալսարանի բակալավրիատի ծրագրի արտոնագիր ստանալու լուրը համընկավ միասնական քննությունների արդյունքների հրապարակման հետ: Սարսափելի բարձր է անվճար ուսուցման շեմը: Անցած ուստարվանից բուհ ոչ անվճար ընդունվող տղաներին զորակոչում են բանակ: Արդյունքում բավական բարձրացել է ընդունելության քննությունների գինը: Օրինակ, մաթեմատիկա-ֆիզիկա մասնագիտությունների գծով դիմորդը անվճար ընդունվելու համար այդ երկու առարկաներից առնվազն պիտի ստանար 19,75 եւ 19,50 գնահատական: Գնահատման 20 բալանոց համակարգի դեպքում: Այս տարի մաթեմատիկա մասնագիտության գծով ընդունվողը պիտի 4 միավոր ավելի բարձր ստանար, քան 2010 թվականին: Ակտուար մաթեմատիկայի պարագային` 5 միավոր, պատմության` 6,5, քաղաքագիտության` 3,25, տնտեսագիտության` 1,5, կառավարման` 3 միավոր: Տվյալները 2011-ի հետ չեմ համեմատում, որովհետեւ այդ տարի շրջանավարտ չկար: «Ինչպե՞ս է հնարավոր, որ այսքան կտրուկ աճել է անվճար ուսուցման շեմը» հարցը տրամաբանական մեկ բացատրություն ունի` անվճար ընդունվողներն ազատվում են զինվորական ծառայությունից: Այն հիմնավորումը, որ երկու տարում բարձրացել է մեր շրջանավարտների կրթական մակարդակը` ծիծաղելի է: Վստահաբար կարելի է պնդել, որ անվճար ընդունվողների ճնշող մեծամասնությունը տղաներ են: Իրենց սիրասուն բալիկներին բանակից ազատելու նպատակով ծնողներն այս տարի ավելի շատ գումար են մսխել, քան նախկինում: Վստահ կարող եմ պնդել, որ անվճար ընդունվողների մեջ դպրոցական տեղական ու միջազգային օլիմպիադաների հաղթողներ չկան: Նրանք հաստատ սովորելու են վճարելով: Երկու տարի բանակում ծառայելուց հետո, իհարկե: Այնպես որ, մեր բուհական կրթության որակի մասին խոսելն անպտուղ զբաղմունք է: Կամ երեսպաշտության պես մի բան: