Մտավախություններ կան, որ կաթնամթերքի գինը կբարձրանա. «Ագրագյուղացիական միավորում» հ/կ փոխնախագահ
«Ագրագյուղացիական միավորում» հ/կ փոխնախագահ Աշոտ Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում անասնագլխաքանակը գնալով կրճատվում է, ավելին՝ վերջին 15 տարիների ընթացքում նման կրճատում չէր գրանցվել, ինչպես եղել է նախորդ մեկ տարվա ընթացքում։
«Առաջիկայում մենք բախվելու ենք մի շարք խնդիրների, նախ՝ կաթի ծավալների նվազման ու սպառման հետ կապված, խնդիրներ կլինի նաև պանրի արտադրության, այդ թվում՝ մսի ծավալների հետ։ Կաթնամթերքի արտադրության համար մեզ տարեկան անհրաժեշտ է 1 մլն տոննա անարատ կաթ, սակայն մենք արտադրում ենք ընդամենը դրա 60 տոկոսը։ Տավարի մսի առումով նույնպես ունենք պակաս, սա է պատճառը, որ վերջին մեկ տարվա ընթացքում միսը գրեթե 2 անգամ թանկացավ։ Այս ամենն առաջիկայում կհանգեցնի նրան, որ չեն կարողանա բավարարել ներքին սպառման ծավալները, և չի բացառվում, որ մսի գինը կրկին բարձրանա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Աշոտ Հովհաննիսյանը։
Ըստ նրա, մտավախություններ կան, որ կաթնամթերքի գնի հետ կապված՝ առաջիկա ամիսներին նույնպես գնաճ տեղի կունենա, և մարդիկ կկանգնեն փաստի առաջ։
«Այս դեպքում կաթի փոշու ներկրումը կավելանա, և կաթի փոշուց պատրաստված կաթն անարատ կաթի փոխարեն կարող են վաճառել»,- ասաց Աշոտ Հովհաննիսյանը։
Զվարթ Խաչատրյան