«Բավակա՛ն է». Ցուցարարներին միացել են Ֆրանսուա Օլանդը և Նիկոլա Սարկոզին
Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել ամբողջ Ֆրանսիայում կազմակերպված ցույցերին՝ բողոքելով երկրում հրեատեցության ալիքի դեմ, տեղեկացնում է BBC-ին:
Ցուցարարները Փարիզի եւ մյուս քաղաքների փողոցներ են դուրս եկել «Բավակա՛ն է» կարգախոսով: Նրանց են միացել ձախ եւ աջ կուսակցությունների քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդը եւ Նիկոլա Սարկոզին:
Բողոքի ակցիաները պաշտպանել են 50-ից ավելի քաղաքական կուսակցություններ, արհմիություններ եւ ասոցիացիաներ: Ցույցերի սկսվելուց մի քանի ժամ առաջ Ֆրանսիայում տապանաքարեր էին պղծվել հրեական գերեզմանոցում:
Փետրվարի 19-ին Ֆրանսիայի նախագահն այցելել է երկրի արեւելքում գտնվող հրեական գերեզմանատուն, որտեղ գրեթե 100 տապանաքարեր էին պղծվել նացիստական խորհրդանշաններով:
«Նրանք, ովքեր դա արել են, արժանի չեն լինելու Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ եւ կպատժվեն»,- ասել է նախագահը: Ֆրանսիայի հրեական համայնքն ամենամեծն է Եվրոպայում. այն ունի առնվազն 550 հազար անդամ: