«Ես առանձնապես չեմ շտապում». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 19-ին հայտարարել է, որ չի շտապում Կորեական թերակղզու միջուկազերծման հարցում: Համապատասխան հայտարարությունը Միացյալ Նահանգների ղեկավարը լրագրողների առջեւ արել է Սպիտակ տանը: Նրա ելույթը հեռարձակել են ԱՄՆ-ի լրատվական հեռուստաընկերությունները:
«Ես առանձնապես չեմ շտապում: (ԿԺԴՀ-ում միջուկային եւ հրթիռային) փորձարկումներ չեն կատարվում: Առայժմ փորձարկումներ չկան, ես չեմ շտապում… Ես խիստ ժամկետներ չունեմ»,- նշել է նախագահը՝ խոսելով այն մասին, որ միջուկազերծումն իր նպատակն է: «Կարծում եմ, որ Հյուսիսային Կորեան եւ (ԿԺԴՀ-ի Պետխորհրդի) նախագահ Կիմ (Չեն Ունն) ինչ-որ շատ դրական բան են մտադրվել: Եվ մենք շուտով դա կիմանանք»,- ընդգծել է Թրամփը: Նա «շատ գրավիչ» է որակել ամերիկա-հյուսիսկորեական առաջիկա գագաթնաժողովը, որի շնորհիվ, նրա խոսքով՝ «շատ բան կարող է տեղի ունենալ»:
Ըստ որում պետության ղեկավարը նշել է, որ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները մնում են ուժի մեջ:
Թրամփն ընդգծել է, որ փետրվարի 19-ին արդեն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ, որի ընթացքում քննարկել է ԱՄՆ – ԿԺԴՀ առաջիկա գագաթնաժողովը: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ փետրվարի 20-ին այդ նույն հարցը կքննարկի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: