Բաժիններ՝

Tesla-ի էլեկտրամոբիլներում կգործի «շան ռեժիմը» և «ժամապահի ռեժիմը»

Tesla ընկերության կողմից թողարկվող էլեկտրամոբիլներում երկու նոր օպցիոն է հայտնվել ծրագրային ապահովման մեջ՝ «շան ռեժիմը» եւ «ժամապահի ռեժիմը»: Այս մասին հայտնել են ֆիրմայի ներկայացուցիչները՝ վերջինիս պաշտոնական էջում զետեղելով տեսահոլովակ, որը ցուցադրում է այդ օպցիոնների աշխատանքը:

«Շան ռեժիմը» թույլ է տալիս ընտանի կենդանիներին թողնել փակ ավտոմեքենայում՝ չվախենալով, որ դրանք կսատկեն շնչահեղձությունից եւ բարձր ջերմաստիճանից: Դրա համար տերը պետք է էլեկտրամոբիլի սարքային վահանի սենսորային դիսփլեյի վրա սեղմի համապատասխան կոճակը:

Էկրանին կհայտնվեն «Իմ տերը շուտով կվերադառնա» եւ «70 աստիճան ըստ Ֆարենհայթի (21,1 աստիճան ըստ Ցելսիուսի)» մակագրությունները: Միաժամանակ կմիանա օդորակիչը: Բացի դրանից, կատարելագործված է էլեկտրամոբիլի հակաառեւանգիչ համակարգը: «Ժամապահի ռեժիմը» ենթադրում է ավտոմեքենայի շուրջն իրադրության հսկում տեսախցիկների միջոցով:

Էլեկտրամոբիլի համակարգիչը կգրանցի բոլորին, ով չափից ավելի կմոտենա ավտոմոբիլին: Դրա մասին տեղեկացումն ավտոմատ կերպով ուղարկվում է տիրոջ շարժական սարքին: Ավտոմեքենա ներթափանցման փորձի դեպքում Tesla-ի աուդիոհամակարգը դասական երաժշտություն կմիացնի առավելագույն ուժգնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս