Բաժիններ՝

Գիտնականները սառցադաշտերի հալման արագացում են արձանագրել

Գիտնականների միջազգային խումբը կատարել է գրեթե 215 հազար սառցադաշտերի հետազոտություն եւ գնահատել դրանց միագումար ծավալը, որը կազմում է 158 հազար քառակուսի կիլոմետր: Սառցադաշտերի ծավալը մի քանի տարում կրճատվել է 18 տոկոսով:

Այս արդյունքը հաշվի է առնում ամբողջ աշխարհh սառցադաշտերի վերաբերյալ տեղեկությունները, բացառությամբ Անտարկտիկայի եւ Գրենլանդիայի սառույցների: Այս մասին փետրվարի 11-ին հայտնել է Ցյուրիխի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցը (ETH Zurich):

Հետազոտությունը կատարվել է ETH Zurich-ի, Շվեյցարիայի Անտառի, ձյան եւ լանդշաֆտի դաշնային ինստիտուտի (WSL) մասնագետների ղեկավարությամբ: Դրան մասնակցել են նրանց գործընկերները Ֆրիբուրից, ինչպես նաեւ գերմանացի, ավստրիացի եւ հնդկաստանցի փորձագետներ:

«Նոր հաշվարկների լույսով մենք պետք է խոստովանենք, որ Ասիայի բարձր լեռներում սառցադաշտերը կարող են անհետանալ ավելի արագ, քան մենք մինչ օրս կարծում էինք»,- լրագրողներին հայտարարել է սառցադաշտագիտության պրոֆեսոր Դանիել Ֆարինոտին:

Նոր գնահատումների համաձայն՝ Հիմալայներում, Տիբեթում եւ Կենտրոնական Ասիայի լեռներում սառցադաշտերն իրենց ծավալի կեսը կկորցնեն 2060-ական թվականներին, մինչդեռ ավելի վաղ համարվում էր, թե դա տեղի կունենա 2070-ական թվականներին:

Փորձագետները նախազգուշացնում են, որ Ասիայի սառցադաշտերի հալումն այս հարյուրամյակի վերջին կհանգեցնի ջրի ծավալի 24 տոկոսով կրճատման, որը դրանք արտադրում են:

Գիտնականները հաշվարկել են, որ եթե իրենց կողմից ուսումնասիրված բոլոր 215 հազար սառցադաշտերը լրիվ հալվեն, ապա համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 30 սանտիմետրով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս