Գերմանիայում Facebook-ին կարգադրել են սահմանափակել տեղեկատվության հավաքագրումը
Facebook սոցիալական ցանցը իր օգտատերերի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու շնորհիվ ձեռք է բերել գերիշխող դիրք գովազդային շուկայում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի դատարանը՝ կարգադրելով սոցցանցին օգտատերերի վերաբերյալ հավաքագրված տեղեկությունները տարանջատել միմյանցից: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
«Facebook-ը տեղեկություններ է հավաքում տարբեր աղբյուրներից. Դա ինքը Facebook-ն է, սակայն կան նաեւ Instagram-ն ու WhatsApp-ը: Այս բոլոր տեղեկությունները ընկերությունը մեկ տեղում է հավաքում եւ մեր կարծիքով դա իրեն գերիշխող դիրք է ապահովում», – Գերմանիայի դաշնային կարտելի ներկայացուցիչ Անդրեաս Մունդի խոսքով դատարանը կարգադրել է ընկերությանը յուրաքանչյուր աղբյուրից ստացված տեղեկությունները տարանջատել միմյանցից:
Facebook-ը մեղադրանքների հետ համաձայն չէ եւ նախատեսում է բեկանել դատարանի որոշումը: Ընկերության կարծիքով, տարբեր սոցցանցերից տեղեկատվության հավաքագրումը մեկ տեղում թույլ է տալիս օգտատերերին իրենց հետաքրքրություններին համապատասխանող բովանդակություն առաջարկել: «Մենք նախատեսում ենք բողոքարկել որոշումը, որպեսզի Գերմանիայում մեր օգտատերերը լիարժեք օգտվեն մեր ծառայություններից», – ասված է Facebook-ի հայտարարության մեջ:
Գերմանական դատարանի որոշումը հետեւեց մի շարք բացահայտումների Facebook ընկերության կողմից օգտատերերի վերաբերյալ հավաքագրված անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ: