Բաժիններ՝

«Հանրակրթական ծրագրի չափորոշիչների վերանայման վերաբերյալ կես մլն դոլար արժողությամբ փաստաթղթի ճակատագիրն անհայտ է». Բախշյան 

Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը խոսելով առարկաների չափորոշիչների փոփոխության մասին, տեղեկացրեց, որ 2014 թվականին համաշխարհային բանկի 37,5 մլն դոլար արժողությամբ երրորդ վարկային ծրագիրը՝ կրթության բարելավում, նախատեսում էր հանրակրթական ծրագրի չափորոշիչների վերանայում։

«Պետական չափորոշիչները վերանայվելու էին, դրանց հիման վրա գրվելու էին ծրագրերը, այդ ծրագրերի հիման վրա էլ գրվելու էին դասագրքերը։ 2014 թվականի այդ վարկային ծրագիրն այս տարի ավարտվում է, սակայն մինչ օրս կրթության բարելավում ենթածրագրի հետ կապված կան շատ լուրջ հարցականներ՝ ո՞ւր է հասել այդ ծրագրերը։ Մի քանի օր առաջ Կրթության և գիտության նախարարն ասաց, որ մինչև 2021 թվականը կունենանք այդ բարեփոխված չափորոշիչները ու դասագրքերը։ Բայց այսօր դեռ հանրակրթական պետական չափորոշիչների վերանայմանն ուղղված կես մլն դոլար արժեցող այդ փաստաթղթի նախագիծը, որը հրապարակվել է 2016 թվականի դեկտեմբերին, հայտնի չէ:

Հայտնի չէ, թե ինչ է եղել նրա ճակատագիրը։ Ասում են՝ ԿԳՆ-ում է, բայց ինչո՞ւ մինչև օրս այդ չափորոշիչը չի դրվել հանրային քննարկման»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ա. Բախշյանը։

Ըստ նրա, այս հարցի պատասխանը գտնելու համար օրերս ուսումնասիրել է ԿԳՆ ծրագրերի իրականացման գրասենյակի պաշտոնական կայքը, և պարզվել է, որ փետրվարի 1-ին կայացել է նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման նիստը, որը վարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Նիստի ընթացքում հանրակրթական առարկաների ծրագրերի և չափորոշիչների վերանայման հետ կապված հարցեր են տվել, և քննարկումն ամփոփվել է կրթության բարելավում վարկային ծրագրի 2019 թվականի ընթացքում տեղի ունեցող գործողությունների գնումների պլանի հաստատման, առարկայական ծրագրերի չափորոշիչների վերանայման և ԵՄ ծրագրով առարկայական չափորոշիչների վերանայման պլանի հաստատամամբ։ Ստացվում է, որ Համաշխարհային բանկի երրորդ վարկային ծրագրով կես մլն դոլարը ծախսվել է, և այդ փաստաթուղթը, այժմ էլ՝ ԵՄ գրանտային ծրագրով նույն խնդիրը, ծառացել է ԿԳ նախարարության առջև»,- շեշտեց Ա. Բախշյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս