«Չեմ բացառում, որ մի որոշ ժամանակ անց բանակցային գործընթացում առաջանա նույնպիսի դադար, ինչ նախկինում»
Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի հակամարտության շուրջ տեղի ունեցող բանակցային գործընթացին՝ ասել է, որ դիտարկումը, թե նախարարները պետք է բանակցեն և ինչ-որ համաձայնություններ ներկայացնեն ղեկավարներին՝ թույլ է տալիս պնդել, որ ղեկավարներն իրենք չեն բանակցում, այլ հանդիպում են, որպեսզի հետագա շփումները պաշտոնական մակարդակում ավելի հեշտ տրվեն:
«Սա էլ իր հերթին՝ անհասկանալի է դարձնում, թե ինչի շուրջ են նախարարները բանակցում, եթե դիրքորոշումներն ամենակարևոր հարցերում միմյանց մերժող են: Այնուամենայնիվ, փաստը, որ կողմերը կարողանում են ինչ-որ հարցեր քննարկել և ավելի հաճախ հանդիպել, քան նախկինում՝ լավ է, առավել լավ է, երբ դա տեղի է ունենում նման դիրքորոշումների պարագայում: Ներկայումս ստեղծված իրավիճակը ևս փաստում է, որ սա բարդ հակամարտություն է, որը ողջամտություն է պահանջում կողմերից:
Ես այս իրավիճակում նույնիսկ, երբ խոսվում է խաղաղության նախապատրաստելու մասին, հակամարտությունը կարգավորելու հնարավորություն չեմ տեսնում, քանի որ հակամարտող կողմերը բոլորովին տարբերվող պատկերացումներ ունեն կարգավորման սկզբունքների և տարրերի վերաբերյալ, չեն պատկերացնում որևէ զիջում: Չեմ բացառում, որ մի որոշ ժամանակ անց բանակցային գործընթացում առաջանա նույնպիսի դադար, ինչ նախկինում»,- ասել է Ռարը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:



