Փաշինյանի այցի օրերին ՀՀԿ–ականների այցը Գերմանիա պատահականություն չէ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՀՀԿ ներկայացուցիչների մի պատկառելի պատվիրակություն մեկնել է Գերմանիա: Հատկանշական է, որ այդ այցը զուգադիպել է վարչապետ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի հետ: Ըստ մեր աղբյուրների, դա պատահականություն չէ:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՀՀԿ-ականները Գերմանիայում իրենց հանդիպումների ժամանակ ներկայացնում են հայաստանյան ներքաղաքական իրավիճակը:

Մյուս կողմից, այցը կապված է առաջիկայում կուսակցության մեջ բարեփոխումներ կատարելու ու արդիականացման գործընթացի, այլ կերպ ասած՝ ռեբրենդինգի հետ:

Ըստ որոշ տեղեկությունների, հանրապետականները ցանկանում են կիրառել կուսակցությունների գերմանական փորձը: ՀՀԿ-ականները, առիթից օգտվելով, հանդիպումների ժամանակ հընթացս խոսել են նաև ՀՀ շահերից բխող հարցերի մասին:

Մասնավորապես, քննարկումներ են ընթացել ՀՀ-ԵՄ համաձայնագրի՝ Բունդեսթագում վավերացման շուրջ. ըստ մեր տեղեկությունների, այն տեղի կունենա մինչև սույն թվականի սեպտեմբեր:

ՀՀԿ-ականների բարձրացրած հաջորդ խնդիրը կապված է Գերմանիայի հետ վիզաների ազատականացման խնդրին: Ըստ մեր աղբյուրի, գերմանացի գործընկերներն ընդգծել են, որ այդ խնդրի մասին դեռևս վաղ է խոսել, քանի որ առաջիկայում սպասվում են Եվրախորհրդարանի ընտրություններ, իսկ, ինչպես գիտենք, Եվրոպայում միգրացիոն հարցերը շատ սուր են դրված, իսկ նախընտրական շրջանում դրանք շահարկելը բավականին ռիսկային է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս