«Երկիրն անտեր է». Գուրգեն Եղիազարյանը՝ Սիրիա ուղարկվող զորախմբի մասին
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Սիրիա Հայաստանից ուղարկվող հումանիտար օգնության՝ զորախմբի մասին:
«Անկախ նրանից, թե գործուղվող մարդիկ ինչ մասնագիտություն ունեն՝ բժիշկ, սակրավոր, վարորդ են, եթե նրանք Զինված ուժերի ծառայողներ են, ապա ենթարկվում են ԶՈւ-ի մասին ՀՀ օրենքին, ըստ որի՝ նրանք կարող են ծառայել Հայաստանից դուրս բացառապես միջազգային պայմանագրերի հիման վրա: Սա շատ կարևոր նրբություն է:
Գործող իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի ոտնահարեն «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մասին» օրենքը, որի համաձայն՝ Հայաստանի տարածքից դուրս խաղաղապահ կամ ռազմական գործողություններին մեր զինված ուժերը կարող են մասնակցել միայն միջազգային պայմանագրով (4-րդ հոդված, 5-րդ մաս)։ Նման միջազգային պայմանագիր չի նախապատրաստվում, և Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այս հարցը լուծել առանց նոր փաստաթղթի:
Սա ոչ միայն իրավական հրամայական է, այլև Սիրիա գործուղվող մեր զինվորների համար երաշխիքների և պահպանության ամրագրման կարևորագույն գործիք: Կարելի է կռահել, որ առանց պայմանագրի, սուսուփուս Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու նախաձեռնությունը մի կողմից նպատակ ունի քողարկելու իրականում հենց զորախումբ ուժեր ուղարկելու փաստը, մյուս կողմից՝ հնարավորինս աննկատ անելու դա՝ չհրահրելով Արևմուտքի հավելյալ ուշադրությունն ու քննադատությունը»,- գրել էր Արմեն Աշոտյանը:
168.am-ը ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ զրույցում անդրադառնալով Արմեն Աշոտյանի հայտնած մտահոգություններին, հետաքրքրվեց, թե ի՞նչ վտանգներ է տեսնում՝ Սիրիա ուղարկվող զորախմբի հետ կապված։
«Երկիրն անտեր է»,- կարճ ասաց Գ. Եղիազարյանը և ընդգծեց, որ այս հարցին այլ պատասխան չունի:
«Ղեկավար չունենք, իսկ եթե ղեկավար չունենք, ի՞նչ խոսք կարող է լինել արտաքին հարաբերությունների մասին։ Նիկոլ Փաշինյանը Դավոս է գնացել, սպասեք, մի երկու թշնամու հետ կվերադառնա։ Այլ բան չեմ ասի»,- եզրափակեց Գ. Եղիազարյանը։
Զվարթ Խաչատրյան