Մարդիկ վարկեր են վերցրել բանկերից, լոլիկ են աճեցրել, բայց շուկան լցվում է թուրքական լոլիկով
Հայ ֆերմերներն ահազանգում են՝ Վրաստանով Հայաստան թուրքական լոլիկ է ներմուծվում, ու սա խանգարում է իրենց, ջերմոցատերերին, գյուղացուն: Նախկին իշխանությունների օրոք նրանք բազմիցս ահազանգել էին այս մասին, այժմ ներկա իշխանությունները շարունակում են նույն գործելաոճը։
«Թուրքական լոլիկը մոտ 200 դրամով էժան է, քան հայկականը: Եթե տեղականը 500 դրամ է, թուրքականը 400 կամ 350 դրամ է: Մենք խոսում ենք մեծածախ առևտրի մասին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը:
Նրա գործընկեր Սամվել Մկրտումյանն էլ փոխանցեց, որ պաշտոնական տվյալներով՝ 1849 տոննա լոլիկ է ներկրվել Հայաստան:
«Ասում ենք՝ ընդամենը կարողացեք արգելել թուրքական ապրանքը: Մենք կարող ենք ապահովել բնակչությանը լոլիկով, իսկ գները կարող են զսպել՝ տեղական արտադրողների հետ մրցակցելով: Խոշորները թող կարողանան մեզ զսպել, եթե իսկապես չափը կանցնենք»,- նշեց նա:
Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին՝ նկատեց.
«Թուրքիայի հետ մենք ոչ մի առևտրային հարաբերություն չունենք: Դա վերաբերում է նաև լոլիկին: Մենք ինչ էլ գնենք՝ կարող ենք հանգիստ հետ վերադարձնել, որովհետև ոչինչ չկա, նույնիսկ սերտիֆիկատ: Իսկ լոլիկ ներկրելով՝ մեր տեղական արտադրողների մեջքին ենք հարվածում: Մարդիկ վարկեր են վերցրել բանկերից, լոլիկ են աճեցրել, բայց հիմա ոչինչ չեն կարողանում անել, քանի որ բերում են թուրքական լոլիկը ու, չգիտես ինչո՞ւ, էժան գնով են վաճառում: Թուրքիայում գազը էժան է, դրա համար էլ լոլիկի ինքնարժեքն ավելի ցածր է: Բայց եթե, ամեն դեպքում, արդեն լոլիկը շուկայում է, այն անպայման պետք է ստուգվի:
Հիշում եմ, 90-ական թվականներին, երբ հայտնաբերեցինք, որ շուկայում թուրքական ձու է վաճառվում, ստուգեցինք, տեսանք, որ մեծ քանակությամբ ալդրին է պարունակում: Պատկերացրեք, եթե երեք ձու մարդն ուտեր՝ հնարավոր է՝ մահանար: Ապրանքը հետ վերադարձվեց: Հետո էլ Թուրքիայից ասացին, թե՝ կներեք, մեր սերմացուները որ տարբեր նյութերով մշակվում և պահվում են, աշխատողներն առանց իմանալու՝ դա էին տվել հավերին, որին, ներողություն, բայց ես չեմ հավատացել»:
Անի Կարապետյան