Փոմպեոն Նաթանյահուի հետ հանդիպմանը հավաստեց համակողմանի աջակցությունը Իսրայելին
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն Բրյուսելում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է Թել Ավիվին աջակցելու մասին եւ հավաստել ինքնապաշտպանության՝ երկրի բացարձակ իրավունքը։
«Պետքարտուղարն ընդգծել է Միացյալ Նահանգների հանձնառությունն Իսրայելի անվտանգությանը եւ ինքնապաշտպանության ու Միավորված ազգերի կազմակերպությունում հակաիսրայելական կանխակալության դեմ պայքարելու նրա բացարձակ իրավունքին»,- ասված է ԱՄՆ-ի Պետդեպի հաղորդագրության մեջ:
Փոմպեոն վերստին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում իր հարեւանների հետ Իսրայելի հարաբերությունների «ջերմացումը եւ երկխոսության ընդլայնումը»:
«Նա հավաստել է Ամերիկայի վճռականությունն առավելագույն ճնշման միջոցով դիմակայելու իրանական վարչակարգի բոլոր սպառնալիքներին»,- ասված է Պետդեպի հայտարարության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: