«Ինձ ասում են՝ ինչ լավ է, որ ՀՀ-ն լեգիտիմ իշխանություն ունի, մեզ պետք է, որ լեգիտիմ կառավարությունը համոզի՝ հանձնեք տարածքներ». Ստեփան Գրիգորյանը՝ միջազգային հանրության սպասելիքների մասին

«Մենք գնում ենք Ազգային ժողով՝ ունենալով ծրագիր, միտք: Քննադատելու, քննարկելու և վերահսկելու ենք կառավարությանը: Պետք է սահմանադրական փոփոխություններ կատարվեն, փոխվի Ընտրական օրենսգիրքը, հանեն ռեյտինգային ընտրակարգը, քանի որ այն կուսակցություններին թույլ չի տալիս հավասար պայմաններում լինել: Մեզ համար վտանգավոր է նաև գերվարչապետական համակարգը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակի անդամ Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ քարոզարշավի ժամանակ կարևոր է գաղափարախոսությունը, ինչը հաճախ բանավեճերում չի երևում:

«Բայց մենք փորձեցինք այդ գաղափարախոսության մեխանիզմը միացնել, առաջարկներ անել: Օրինակ՝ մենք ասել էին, որ ԱԺ-ն կարող է լինել 1-2 տարի, Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ ասելով, որ ցանկանում է, որպեսզի լինի կայունություն,  նոր ընտրված ԱԺ-ն կլինի լեգիտիմ: Այսինքն, եկանք քննարկումների դաշտ, «Սասնա ծռերը» հասան իրենց ուզածին»,- նշեց Ստեփան Գրիգորյանը:

168.am-ի հարցին՝ «Սասնա ծռերը» վերջնական հրաժարվե՞լ են երկրի ներսում զենքով պայքարելու մտքից, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Մենք ուզում ենք կառուցել երկիր, որտեղ բացառվում է բռնությունը: «Սասնա ծռերը» դիմեցին ապստաբության, քանի որ Հայաստանում բռնատիրություն էր: Բռնատիրության դեմ ցանկացած ազգ, ցանկացած ազգի խումբ իրավունք ունի պայքարել ցանկացած մեթոդով: Հիմա անցել ենք ժողովրդավարության դաշտ, փորձում ենք ժողովրդավարական երկիր կառուցել: 2018թ. հուլիսին «Սասնա ծռերը» հայտարարություն արեցին՝ ընդգծելով, որ վերջ, փակվել է այս պայքարի էջը: Բայց ասեմ, որ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ նախաբանում ֆիքսված է. ազգերը, որոնք գտնվում են բռնապետության տակ՝ իրավունք ունեն ապստամբել: Հիմա սրա անհրաժեշտությունը չկա, փոխվել է Հայաստանը»:

Հարցին՝ ի՞նչ է նշանակում՝ ծրագրի «Իրավունք և արդարություն» բաժնում առկա կետը, թե պետք է «հրապարակավ ճանաչել ապստամբության բնական իրավունքը, իսկ ապստամբներին անպարտ ճանաչել օրենքի առաջ», Ստեփան Գրիգորյանը նկատեց.

«Ծրագրում առկա դրույթները չեն նշանակում, որ վաղը պետք է իրականացվեն: ԱՄՆ-ի Սահմանադրությունում էլ կա դրույթ, որ ժողովուրդը կամ առանձին խմբերն իրավունք ունեն ապստամբել, եթե բռնապետություն հաստատվի: Շատ կարևոր է, որ իշխանությունը հասկանա՝ մարդիկ ունեն պայքարելու իրավունքներ: Եվրոպայում Սահմանադրությունից այդ դրույթները հանվեցին, քանի որ գնացին ժողովրդավարության ճանապարհով: Ֆրանսիայի Սահմանադրությունում հեղափոխությունից հետո 1793 թվականին դրույթ մտցվեց, որտեղ մոտավորապես ասվում էր, որ, եթե որևէ բռնապետ փորձի ժողովրդից խլել սուվերենությունը, պետք է մահվան ենթարկվի: Ֆրանսիայում մահապատիժ չկա, բայց միտքն այն է, որ  պետք է պատժվի: Դրույթը թողել են, որ ոչ մի ղեկավարի մտքով չանցնի, որ կարող է բռնակալ լինել: Բառի բուն իմաստով մի՛ ընկալեք այսպիսի մտքերը: ԱՄՆ Սահմանադրությունում ըմբոստանալու իրավունքը կա, բայց դա չի նշանակում, որ կիրառում են»:

Ստեփան Գրիգորյանն անդրադարձավ նաև Արցախը Հայաստանին միացնելու՝ իրենց կուսակցության առաջարկին՝ նշելով.

«Ոչ ոք չի ասում, որ հենց վաղը պետք է միավորվեն, ու Մինսկի խումբը նեղանա մեզանից: Խոսքը ոչ թե հեռու ապագայի, այլ 3-5 տարվա մասին է: Արցախը Հայաստանի մի մասն է: Զարմանալի է ինձ համար, որ, երբ մտնում ես Արցախ՝ միանում է ռոումինգը: Պատկերացնո՞ւմ եք՝ Շիրակի մարզ մտնենք, ու միանա ռոումինգը: Մենք իրավունք չունենք Մինսկի, ԵԱՀԿ խմբին նեղացնել, բայց պետք է ասենք, որ սա է մեր սկզբունքը: Ցավով պետք է ասեմ, որ ինքնորոշման սկզբունքը, որով շարժվել ենք՝ այսօր չի աշխատում Ադրբեջանի կոշտ, վայրենի քաղաքականության պատճառով»:

Ստեփան Գրիգորյանն անդրադարձավ ևս մեկ հարցի.

«Դուք գիտեք իմ կապերը միջազգային հանրության հետ՝ և՛ դիվանագիտական, և՛ փորձագիտական: Ինձ մի միտում է մտահոգում, և ես այս մեսիջը հաճախ ուղարկում եմ կառավարությանը. ասում եմ՝ զգո՛ւյշ եղեք: Ինձ ասում են՝ պարո՛ն Գրիգորյան, ինչ լավ է, որ Հայաստանը լեգիտիմ իշխանություն ունի, շնորհավորում ենք: Ես էլ  միամիտ-միամիտ շնորհակալություն եմ հայտնում ու հետաքրքրվում, թե ե՞րբ կաջակցեն մեր լեգիտիմ կառավարությանը: Ասում են՝ չէ, մեզ պետք է լեգիտիմությունը, որ լեգիտիմ կառավարությունը համոզի՝ հանձնեք տարածքներ: Բառի բուն իմաստով: Ու մեկը չի, երկուսը չեն ասողները. Հարյուրավոր»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս