«Ռուսաստանը մեզ հասկանում է, քանի որ ինքն էլ ԱՄՆ-ի պատժամիջոցների զոհն է». Մոհամադ Ջավադ Զարիֆ
Ռուսաստանը Թեհրանի հուսալի գործընկերն է տնտեսության ու քաղաքականության բնագավառներում: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Ռուսաստանն մեր հիանալի գործընկերն է առեւտրում եւ քաղաքական բնագավառում, նա մեզ հասկանում է, քանի որ ինքն էլ ԱՄՆ-ի պատժամիջոցների զոհն է»,- ասել է դիվանագետը Le Figaro ֆրանսիական թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Թեհրանը Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ կարգավորել է համագործակցությունը «սիրիական դոսյեի» շուրջ:
Զարիֆը հավաստիացրել է, որ Սիրիայում Իրանի ռազմական ներկայության միակ նպատակը պայքարն է ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ: Նա նշել է, որ «ԱՄՆ-ը մեր բոլոր հարեւաններին դրդում է այն բանին, որ նրանք բոյկոտեն մեզ, բայց, ինչպես երեւում է, դա չի ստացվում», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: