Բաժիններ՝

«Խոպանի» հարկի ալեկոծումը

«Խոպանի» հարկի մասին լուրերն ալեկոծել են Հայաստանի ակտիվ հանրությանը, առավել ևս՝ նախընտրական այս շրջանում: «Հանրային ռադիոյի» եթերում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խոսել է 2020թ.-ից 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտների պարտադիր հայտարարագրման և եկամտային հարկի պոտենցիալ վճարող դառնալու մասին: Դրանով Հայաստանը փորձում է ներդնել նաև տրանսֆերտների հարկման մեխանիզմ: «Հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով:

Ինքն արդեն պետք է իմանա, որ ինքը դրսից գումար է ստացել, դա եկամուտ է, որից ինքը պետք է հարկ տա: Հիմա ժողովուրդը կարող է մեզ քննադատի, ասի՝ ոնց, տարիներ շարունակ մեր հարևանը, բարեկամը կամ ամուսինը գնացել է խոպան, գումար է վաստակել և ուղարկել, այդ գումարը, որը նա վաստակել, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը և ապա հարկենք մեր օրենքով»,- ասել է Անանյանը: Նա նաև ասել է, որ հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով:

Խորհրդարանական ուժերի դիրքորոշումը

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը 168.am-ի հետ զրույցում այդ գաղափարը «շատ վատը» որակեց և նշեց, որ նախկինում էլ է դեմ եղել դրան: Ըստ նրա՝ այդ տրանսֆերտները մարդկանց մի մասին ուղղակի փրկում են աղքատությունից, իսկ դրանց հարկումը կստիպի, որ մարդիկ իրենց գումարներն ուղարկեն գրպաններով, ոչ թե բանկերով.

«Ես անձամբ, երբ ճամփորդում էի, հիմնական «տրանֆերիստն» եմ եղել այդ ընթացքում: Այնքան մարդ է դիմել՝ գումարը բերում ես, օդանավակայանում հանձնում ես: Բանկով փոխանցելու դեպքում գործարքի համար պահվող տոկոսն արդեն փոքր չէ իրենց համար: Սա սոցիալական լուրջ դժգոհության տեղիք կտա՝ 100%: Այն, ինչ առաջին հայացքից երևում է և նախորդ ժամանակվա տրամաբանությունից բխում է, դա սոցիալական առումով շատ սխալ կլինի: Պետությունը չի ապահովում սոցիալական կենսապահովման նվազագույն զամբյուղը, ժողովրդի մի ստվար զանգված դրսի տրանսֆերտների հույսին է: Եթե դա էլ կտրես, տեղն ի՞նչ ես անելու: Այսինքն՝ սոցիալական պետության կարևոր պարտավորությունը մեր դրսի հայրենակիցներն են կատարում, և եթե դա էլ արգելենք կամ դժվարացնենք, ճիշտ չէ»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տրանսֆերտների հարկմանը դեմ է եղել թե՛ նախորդ իշխանությունների ժամանակ, թե՛ ներկայիս: Ըստ նրա՝ տրանսֆերտները մեր երկրի համար լուրջ նշանակություն ունեն դեռևս 90-ական թվականներից, դրանց շնորհիվ է Հայաստանը պահպանել իր կայունությունը:

«Համենայն դեպս մենք դրան շատ ուշադիր պետք է վերաբերվենք»,- ասաց Վ.Բաղդասարյանը՝ նկատելով, որ այդպիսի փոփոխության դեպքում տրանսֆերտների ստացման օրինական ճանապարհները կվերանան, մարդիկ իրենց հարազատներին օգնելու համար կգնան զարտուղի ճանապարհով: Ըստ նրա՝ նման փոփոխությունը լուրջ սոցիալական դժգոհություններ կառաջացնի. «Իհարկե, հանրությանը դժվար է բացատրել: Նրանք կոնկրետ եկամտի մասին են մտածում, թե ինչո՞ւ պետք է իմ հարազատին ուղարկված գումարը մի հատ էլ եկամտահարկով հարկվի»:

Անկախ մասնագետի հայացք

«Հարկ վճարողների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Փայլակ Թադևոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տրանսֆերտների հարկման գաղափարն իրատեսական չի համարում: Նա այսպիսի համեմատություն արեց.

«Օրինակ՝ երբ իմ կնոջ գումարը վերջանում է, զանգում է ինձ և ասում՝ հաշվիս փող փոխանցիր՝ տնային վճարումներն անելու, ես զանգում եմ բանկ ու ասում՝ փոխանցում արեք՝ այս հաշվին, իսկ նպատակ բաժնում գրում են՝ ներտնային փոխանցում: Եթե ասում ենք խոպանից եկած փողերը հարկենք, նշանակում է՝ տանը մեկը մեկին փող տվեց, դա էլ պետք է հարկենք: Որևէ օրենքում չկա գրված, որ դա ստացողի համար եկամուտ չի: Կամ՝ եթե նվիրատվությունը չի հարկվում, ինչո՞ւ պետք է տրանսֆերտը հարկվի: Այսինքն՝ մի սահման կա, որ չենք անցնում: Պետությունը՝ որպես վարչարարություն իրականացնող գործիք, չի կարող դրա «տակից դուրս գալ»: Դա նշանակում է անտեսել բանկային գաղտնիքն ու վերահսկել բոլոր բանկային հաշիվները, ինչը կբերի գրպանով փող բերելուն: Դրա վերահսկելը հսկայական աշխատանք է, մեծ թղթաբանություն, ահռելի ռեսուրս, որ անիմաստ է ծախսվելու»:

Հ/կ նախագահը նկատեց, որ գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման օրենք մի քանի տարի առաջ եղել է, սակայն հայտարարագրերը չէին էլ ուսումնասիրվում, քանի որ այդ ծավալի տեղեկատվություն ՊԵԿ-ը չէր կարող «մարսել»: Նույնն այս դեպքում կլինի:

Արփինե Հովհաննիսյանի մտահոգությունները

Խնդրին ֆեյսբուքյան իր էջում մանրամասն անդրադարձել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը և ներկայացրել իր մտահոգությունները: «Կառավարության նման մտադրությունը կամ գաղափարը (որտեղից է նման միտք ծագել առհասարակ!!) առաջացնում է մի շարք հարցադրումներ.

գ Պետության հարկային և մաքսային վարչարարության անարդյունավետության բեռը փոխանցվում է քաղաքացուն։ Երբ կառավարությունը չի կարողանում տնտեսությունը զարգացնել և հարկ հավաքել, չպետք է իր բացթողումները լուծի ՀՀ քաղաքացու հաշվին: Փաստորեն փորձ է արվելու քրեական և վարչական պատասխանատվության սպառնալիքի ուժով քաղաքացուն ստիպել հայտարարագրել իր նույնիսկ չնչին եկամուտները։ Ավելին, նման քաղաքականությամբ պետությունն իր քաղաքացուն ստիպելու է գործել անբարեխիղճ, թաքցնել իր եկամուտները, հրաժարվել բանկային գործառնություններից, փնտրել դրամական փոխանցումների զարտուղի ճանապարհներ։ Ի վերջո, քաղաքացին այդքան բարդություններից, քաշքշուկներից խուսափելու համար ընտրելու է ամենահեշտ տարբերակը, այն է՝ տեղափոխել իր ընտանիքն այն վայր, որտեղ ինքն է աշխատում։

  • Պարզ չէ, թե ինչպե՞ս է գործելու այդ համակարգը, եթե ողջ երկիրը չի անցել անկանխիկ շրջանառության,
  • Պարզ չէ, թե քաղաքացիներին հարկելու համար ինչպե՞ս է վերահսկվելու նրանց դրամական հոսքերը, և արդյոք չի՞ ստացվի մի պատկեր, որ դրամական հոսքերի վերահսկողությունը լինի ընտրանքային։
  • Պարզ չէ, թե ինչպե՞ս է գործելու համակարգը, երբ ամբողջ երկրում ներդրված չէ էլեկտրոնային ստորագրության համակարգը։ Ինչը նշանակում է, որ քաղաքացու վրա դրվելու է ևս մեկ պարտականություն, ունենալ էլեկտրոնային ստորագրություն այն պարագայում, երբ այդ ստորագրությունն իրեն առօրյայում ընդհանրապես պետք չի լինելու։
  • Հայաստանը տարիներ շարունակ եղել է գրավիչ երկիր ինքնաշխատ մարդկանց համար (freelancer)։ Նման նախաձեռնությունը ուղղակի հարված է մի երկրի համար, որը իր առաջնայնությունն է համարում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը։
  • Ու այս ամենը` 100 հազարից ավելի պետական ծառայողների առաջիկա կրճատման, նպաստ ստացող քաղաքացիների նպաստների կրճատման, բյուջեի դեֆիցիտի ավելացման և այլ մտահոգիչ զարգացումների ֆոնին:

Միաժամանակ ես չեմ բացառում, որ նման անհեթեթ առաջարկությունը նախընտրական շրջանում ներկայացվել է՝ որպես նախընտրական հնարք: Պատկերացրեք, թե ժողովուրդը ինչքան թեթևացած շունչ կքաշի, ինչքան երախտապարտ կլինի վարչապետին, եթե նա մի քանի օրից ֆեյսբուքյան հերթական լայվով հայտարարի, որ այս ամենը ստոր հերյուրանք է, հանրապետականների տարածած լկտի սուտ, կամ էլ, օրինակ, ասի, որ դա ՊԵԿ ղեկավարի անձնական կարծիքն է, և ինքը դրան դեմ է:

Եթե այդպես եղավ, ապա հաշվարկը ծայրաստիճան պարզունակ, է և ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկել է նշանակում: Իսկ եթե առաջարկությունը կյանքի կոչվեց` աղետալի կլինի:

Հ.Գ. Երբ գրում էի այս գրառումը, պարզվեց՝ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ասել է, որ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու ոչ՝ մի նախագիծ չի ընդունվի, հանրային քննարկում կլինի և այլն: Ուզում եմ մի բան հասկանալ՝ կարծիքը հաշվի կառնենք այնպես, ինչպես արագաչափերի՞, կարմիր գծերի՞, կուտակային կենսաթոշակայինի՞ (խոստացել էին հանել) , թե՞, ասենք, աշխատանքից ազատման մասին արդեն ծանուցված հազարավոր պետական ծառայողների կարծիքի պես, թե՞ այլ կերպ: Եթե նման գաղափար ունեք (ակնհայտ է, որ ունեք) ներառեք այն ձեր նախընտրական ծրագրում»:

Կառավարության անդամների արագընթաց «հերքումները»

Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում էր հարցը. բոլորը, միանշանակ, դժգոհություններ էին արտահայտում։ Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը երեկ կառավարության արտահերթ նիստում անդրադառնալով խնդրին՝ նշեց, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը սխալ է ընկալվել, և առանց լայն հանրային քննարկման՝ հարկային բեռի որևէ ավելացում չի լինի:

«Ուզում եմ ընդգծել, որ պետք է հաշվի առնել, որ զանազան գաղափարներ կարող են քննարկվել: Ընդ որում՝ քննարկումները կարող են հաճախ աղավաղվել և մեկնաբանվել ոչ այնպես, ինչպես կա: Դրանք կարող են չարժանանալ մարդկանց հավանությանը, բայց դրանք միայն հանրային համաձայնության ներքո կարող են իրականություն դառնալ»,- ասել է նա՝ նկատելով, որ եթե, այնուամենայնիվ, այս գաղափարը կյանքի կոչվի, պետք է բացառվի որևէ կրկնակի հարկում:

ՊԵԿ-ը ստիպված եղավ պարզաբանում տարածել, որում ասվում էր, թե նախքան նախագծի ներդրումը՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը:

«Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ, իսկ ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ և արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման, կամ նման նախագիծ է քննարկվում»,- ասված էր հայտարարության մեջ, որով փորձ էր արվում շտկել խնդրի քննարկումներից ստեղծված լարված իրավիճակը:

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները տարածել էին ՊԵԿ նախագահի ուղիղ խոսքը՝ ձայնային հաղորդագրությամբ, որը մեջբերել ենք մեր հրապարակման սկզբում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս