Մոգերինին պատմել է Իրանի համար ֆինանսական մեխանիզմի ստեղծման աշխատանքի մասին
Իրանի հետ հաշվարկների համար մեխանիզմ մշակելու աշխատանքը շարունակվում է, աշխատանքին միացել են ԵՄ-ի մի շարք երկրների ֆինանսների նախարարներ, բայց դեռեւս անկարելի է նշել աշխատանքի ավարտի ստույգ ամսաթիվը: Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Նոյեմբերի 19-ին Բրյուսելում բանակցություններ են անցկացնում ԵՄ-ի երկրների արտգործնախարարները. քննարկման թեմաներից մեկը կդառնա Իրանը եւ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանումից հետո այդ երկրի հետ հաշվարկների համար մեխանիզմի ստեղծումը:
«Մեր աշխատանքը շարունակվում է: Այդ աշխատանքին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ֆինանսների նախարարների մասնակցությունը հանգուցային նշանակություն ունի այս փուլում, նրանք եռանդուն աշխատում են գործն ավարտին հասցնելու համար:
Ես ձեզ չեմ կարող ասել որեւիցե ամսաթիվ, բայց աշխատանքը շարունակվում է, այն զարգանում է դրականորեն, եւ, ինչպես ես արդեն ասել եմ, աշխատանքում «եռյակի» եւ մյուս անդամ երկրների ֆինանսների նախարարների ներգրավվելը հանգուցային քայլ է, որն ինձ հիմք է տալիս մտածելու, որ արդյունք լինելու է»,-ասել է նա լրագրողներին:
Սեպտեմբերին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը ՄԱԿ-ի շրջանակներում կայացած նախարարական հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ հայտնել են, որ ԵՄ-ն ֆինանսական մեխանիզմ կստեղծի Իրանի հետ հաշվարկների համար՝ շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: