«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պետք է հայերը նշանակեն. թույլ չտալով՝ նրանք մեզ ստորացնում են, ասում են՝ բալիկ ջան, քեզ չի հասնում, գնա մի կողմ». Արա Պապյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշումը ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կընդունեն դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովի ժամանակ:  Այս ընթացքում գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է Վալերի Սեմերիկովը, իսկ նոր և ոչ հայ թեկնածուների մասին խոսակցությունները չեն դադարում: Հիմնական պատճառաբանությունն այն է, որ 1.5 տարի է մնացել, եթե ՀՀ ներկայացուցիչը լինի, ապա գրեթե ոչինչ չի հասցնի անել:

Օրինակ՝ նոյեմբերի 12-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Հանդիլովի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ  իրենք պատրաստ  են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել իրենց թեկնածուին:

«Եթե նույնիսկ 1.5 ամիս էլ մնացած լինի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պետք է հայերը նշանակեն, բայց թույլ չտալով՝ նրանք մեզ ստորացնում են, ասում են՝ բալիկ ջան, քեզ չի հասնում, գնա մի կողմ: Սա է հարցը, թե չէ, ոչ ՀԱՊԿ-ի, ոչ էլ քարտուղարի մասին գիշերները երազներ չենք տեսնում: Ես լինեի ՀՀ ղեկավարը, հարցը կտրուկ կդնեի: Կամ մեր հասանելիքը տալիս եք, կամ մենք դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, թե չէ այս ի՞նչ խաղեր են: Պաշտոնը ոչ թե անհատին է տրվում, այլ երկրի ներկայացուցչին: Երկիրն է ստանում այդ ժամկետը, ներկայացնում իր թեկնածուին, հետևաբար, եթե մեզ չեն տալու, նշանակում է՝ մեր երկրի շահերը ոտնահարում են: Իրականում կարող էինք Խաչատուրովին 4 անգամ փոխել, նման սահմանափակում ՀԱՊԿ կանոնադրության մեջ չկա:

ՄԱԿ-ում ներկայացուցիչ ունենք, քանի անգամ ուզենք՝ կփոխենք, ո՞ւմ գործն է: Նա, ըստ ռոտացիոն կարգի, հաճախ ընտրվում է տարբեր հանձնաժողովների նախագահ: Եթե այդ ընթացքում նրան փոխենք, չի նշանակում, որ կորցնում ենք  հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Նորը գնում, ստանձնում է այդ պաշտոնը, հիմա այստեղ ինչո՞ւ ուրիշը պետք է լինի, ես դա չեմ կարողանում հասկանալ: Այդ տեղը ՀՀ ներկայացուցչինն է, ոչ թե Խաչատուրովինը: Համաձայն եմ, նախապես չեն զգուշացրել, տհաճ իրավիճակ է, բայց դրանից հո օրենքը չի՞ փոխվում:

Կարդացեք նաև

Նեղանալն օրենքը փոխելու հիմք չի կարող հանդիսանալ: Տեսե՛ք, ամենաքոսոտ հարցը ՀԱՊԿ-ում չենք կարողանում պաշտպանել, կարո՞ղ է հույս ունենանք, որ ՀԱՊԿ-ը կգա սեփական զինվորով, նրա կյանքի գնով  մեզ պաշտպանելու… չե՛ն գալու: Դե բա, որ չեն գալու, ՀԱՊԿ-ը մեզ ինչո՞ւ է պետք: Շեշտեմ, որ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը տարբեր բաներ են:  Ինձ թվում է՝ ՀՀ անվտանգության համար բավարար է հայ-ռուսական ուղղակի համագործակցությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց դիվանագետ Արա Պապյանը:

Դիվանագետը նկատում է՝ ՌԴ-ն ունի իր սեփական շահերի խիստ տարօրինակ ընկալում, Բելառուսն էլ Ադրբեջանի հետ փողի խնդիր ունի, զենք է վաճառում, էժան նավթ է վերցնում, դրա վրա էլ խաղում է,  ընթացքում էլ սակարկության մեջ է մտնում ռուսների հետ, իսկ մենք ի՞նչ պետք է անենք, ուղղակի ասենք, որ սրանք են  պայմանները, սա էլ մեր տեղն է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովն ազատվել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2017 թվականի մայիսի 2-ից: Նրան Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս