Հայկ Մարությանը դեռ չի որոշել՝ կլինի՞ ընտրացուցակում, թե՞ ոչ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ չի որոշել՝ կլինի՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում և արդյոք կառաջադրվի՞ ռեյտինգային ցուցակով:
«Այս պահին որևէ որոշում ընդունված չէ, այս հարցին դեռևս չեմ անդրադարձել, երբ ամեն ինչ պարզ լինի՝ կտամ հստակ պատասխան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետը:
Անդրադառնալով Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներ Հայկ Սարգսյանի, Սերգեյ Հարությունյանի և Գևորգ Բաբայանի՝ մանդատներից հրաժարվելուն, Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ նրանք արդեն անցել են այլ աշխատանքի, այդ պատճառով էլ հրաժարվել են իրենց մանդատներից:
Խոսելով իր կադրային քաղաքականությունից, Երևանի քաղաքապետն ասաց, որ այժմ աշխատող սրտի վրա վիրահատություն են իրականացնում:
«Այդ սիրտը մեր քաղաքն է, որպեսզի այն չկանգնի, պետք է գործել շատ նուրբ: Բոլոր փոփոխությունները լինելու են փուլերով, եթե բոլորին մեկ օրում փոխենք, ապա այստեղ խնդիրներ կառաջանան, ինչը նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր մնացել են իրենց տեղերում, չեն փոխվելու:
Կամո Արեյանի հետ կապված՝ բազմիցս ասել եմ, որ նա ունի ինստիտուցիոնալ հիշողություն և մեծ գիտելիքներ մեր քաղաքի տնտեսության, առավել ևս՝ կոմունալ մասով: Նա այսօր այդ գիտելիքները ծառայեցնում է ի նպաստ մեր բնակիչների»,- ընդգծեց Հայկ Մարությանը:
Զվարթ Խաչատրյան