«Սա Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղակի շատ տգեղ քայլ էր իր մտերիմ շրջապատից». Տիգրան Հեքեքյան
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այլևս որևէ հուշարձան չի քանդվելու, այդ թվում՝ Արամի 23-ը և բոլոր այն հուշարձանները, որոնք գտնվում են այդ տարածքում, հարկ եղած դեպքում կլինեն միայն նախագծային որոշ լուծումներ: «Արամի 23 շենքում հողային աշխատանքներ են կատարվել, շենքը խաթարված վիճակում է, ժամանակավոր ամրացման տարբերակ ենք առաջարկել: Եթե ես ասում եմ՝ այդ կառույցը չի քանդվելու, ուրեմն՝ չի քանդվելու, մի հայկական բառ կա՝ հանգստացեք, չի քանդվելու»,- ասել էր Երևանի գլխավոր ճարտարապետը։
Հիշեցնենք, որ Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքում 1995 թվականից իր գործունեությունն է ծավալում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։ «Հին Երևան» նախագծով նախատեսված է շենքի քանդում, որի հետևանքով այսօր խաթարվել է երգչախմբի գործունեության բնականոն ընթացքը։
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Արթուր Մեսչյանի հայտարարությանը՝ նշեց, որ շնորհակալ է Ա. Մեսչյանին նման հայտարարություն անելու համար, որով կարծես վերջ դրվեց բոլոր տեսակի ապօրինություններին։
«Երևանի գլխավոր ճարտարապետի այս հայտարարությունը հասարակության մեջ երկու արձագանք գտավ՝ մի մասն այն ողջունեց, մյուս մասը չհասկացավ դրա իմաստը։ Այսպիսի արձագանք եղավ, որ դա նույն է, որ ՀՀ գլխավոր դատախազը հայտարարի, որ վերջ՝ այսուհետև որևէ մարդասպանություն չենք ընդունելու, և այլն։
Վեց ամիս առաջ մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց այդ հարցը և պաշտոնապես հայտարարեց, որ իրենց քաղաքականությունն ուղղված է լինելու ապօրինի շինարարությունների և մշակութային հուշարձանների քանդման դեմ։ Մեսչյանի հետ վերջին հանդիպումը կայացել է հոկտեմբերի 26-ին, հանդիպման ընթացքում բոլորը միաձայն ասում էին, որ իմաստ չկա վերականգնելու Արամի 23-ի հասցեում գտնվող շենքը, և բավական էր այսպիսի հայտարարություն, որ բոլորը հանգստանային»,- նշեց Տիգրան Հեքեքյանը:
Նրա խոսքով՝ Ա. Մեսչյանի այս հայտարությունը համաձայնեցված է եղել Երևանի քաղաքապետի, Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ շենքի քանդման դեմ եղել են բազում նամակներ, կոչեր, ԶԼՄ-ի կողմից տարբեր անդրադարձեր, և այս ամենի պարագայում Երևանի գլխավոր ճարտարապետը չէր կարող հանդես չգալ նման հայտարարությամբ։
Նա նաև տեղեկացրեց, որ Արթուր Մեսչյանի հայտարարության օրն Արամի 23 հասցե են գնացել մի քանի տղամարդ և ցանկություն են հայտնել քանդելու հարակից շինությունները՝ հայտարարելով, որ իրենց տարածքը վաճառում են։
Ըստ Տիգրան Հեքեքյանի՝ սա շենքը քանդելու հերթական ճանապարհներից է, որովհետև տեղեկություններ կան, որ տարածքի մարդկանց ասել են՝ եթե շենքը քանդվի՝ մի լավ վայրում իրենց բնակարաններ կտրամադրեն։
Տիգրան Հեքեքյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ շենքը պետք է երկու մետր տեղափոխվի, որի դեպքում բոլոր հարցերը կլուծվեն։
«Կարծում եմ՝ սա Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղակի շատ տգեղ քայլ էր իր մտերիմ շրջապատից։ Այն խոսքերը, որոնք ասաց Նիկոլ Փաշինյանը, մենք բազմիցս լսել ենք հակառակ կողմից, Արամի 23 հասցեում վերակառուցում իրականացնողների կողմից։ Նիկոլ Փաշինյանի ելույթից 10 օր առաջ վարչապետի աշխատակազմից ներկայացուցիչներ էին եկել, որոնք ինձ նույն բառերն էին ասում, բայց նրանց մանրամասն բացատրել եմ, թե ինչու չի կարելի շենքը երկու մետր հեռու տանել, երկու մետր հեռացնել, նշանակում է՝ շենքը հիմնովին քանդել։ Կարծում եմ՝ սա հանցավոր պայմանավորվածություն է մյուս կողմի հետ, որոնք մնացել են նախկին իշխանություններից և կարողացել են ճանապարհ գտնել դեպի Նիկոլ Փաշինյան և ապատեղեկատվություն փոխանցել նրան։ Ես ուղղակի ի հայտ կբերեի, թե ովքեր են այդ մարդիկ, կենթարկեի հանրային պարսավանքի, որովհետև նրանք հետագայում ամեն տեսակի ինֆորմացիա կարող են փոխանցել վարչապետին»,- շեշտեց Տիգրան Հեքեքյանը։
168.am-ի հարցին, թե շենքը քանդելու դիմաց արդյո՞ք իրենց այլ տարածք առաջարկել են, Տիգրան Հեքեյանը պատասխանեց, որ այնպիսի տարածք են առաջարկել, որը չի ունեցել ո՛չ դուռ, ո՛չ պատուհան և ընդհանրապես հարմար չի եղել պարապմունքների համար։
Նա նաև տեղեկացրեց, որ շենքի հետ կապված այս քաշքշուկների արդյունքում երգչախմբից դուրս են եկել բազմաթիվ երեխաներ։
Զվարթ Խաչատրյան