Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում
Ամերիկացի դերասան Մայքլ Դուգլասը նոյեմբերի 6-ին անվանական աստղի է արժանացել Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) Հոլիվուդի Փառքի ծառուղում, որը նշանավորել է նրա 50-ամյակը շոու-բիզնեսում: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը:
«Դա մեծ պատիվ է ինձ համար, բայց դրանից ես ավելի երիտասարդան չեմ դառնում: Ես ցանկանում եմ դա վայելել ընտանիքիս հետ»,-հայտարարել է 74-ամյա արտիստը: Այս աստղը 2648-րդն է դարձել հոլիվուդյան Փառքի ծառուղում եւ գտնվում է Դուգլասի հոր՝ 101-ամյա հոլիվուդյան դերասան Քիրք Դուգլասի աստղից ոչ հեռու, որը ներկա է գտնվել հուշանշանի բացման արարողությանը: Մայքլ Դուգլասին աջակցելու էին եկել նաեւ նրա կինը՝ Քեթրին Զետա-Ջոնսը, եւ «Չինական սինդրոմ» (1979 թ.) ֆիլմի նկարահանման հարթակում նրա գործընկերը՝ դերասանուհի Ջեյն Ֆոնդան: Մայքլ Դուգլասը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 25-ին Նյու-Բրանսուիքում (Նյու Ջերսիի նահանգ)՝ ամերիկացի դերասան Քիրք Դուգլասի ընտանիքում:
Առաջին դերը, որը Դուգլասին ճանաչում բերեց, դարձել է «Սան-Ֆրանցիսկոյի փողոցները» (1972-1977 թթ.) սերիալում խաղացած նրա դերը: Նա իրապես հանրաճանաչ է դարձել, նկարահանվելով «Սիրավեպ՝ քարի հետ» (1984 թ.) ռոմանտիկ կատակերգությունում: Դրան դերեր են հաջորդել այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են «Ճակատագրական հակում» (1987 թ.), «Ուոլ-սթրիթ» (1987 թ.) (այս ֆիլմում խաղացած դերի համար Դուգլասն ստացել է «Օսկար» մրցանակ) կինոնկարները, եւ «Հիմնական բնազդ» (1992 թ.) աղմուկ հանած ֆիլմում:
Դուգլասը նաեւ հաջողությամբ զբաղվել է պրոդյուսերությամբ: «Թռչելով կկվի բնի վրայով» (1975 թ.) կինոնկարը, որում նա հանդես է եկել որպես պրոդյուսեր, դարձել է իսկական հիթ եւ արժանացել հինգ «Օսկար» մրկանակի, այդ թվում՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: