Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացրին փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի ընթացքում քննարկվել է համաձայնագրի սպառողների շահերի պաշտպանության ոլորտին վերաբերող դրույթները: Քննարկման շրջանակներում պատասխանատու մարմինների ներկայացուցիչներն ամփոփ զեկուցել են համաձայնագրի հրահանգներից բխող կատարվելիք միջոցառումները, որոնք ներառված են հայկական կողմի մշակված ճանապարհային քարտեզում:
Ճանապարհային քարտեզում ներառվելիք միջոցառումների շրջանակներում Հայաստանը հետամուտ կլինի ԵՄ չափանիշների հետ առկա տարբերությունների նվազեցմանը՝ ի նպաստ սպառողների առողջության և անվտանգության հետագա պաշտպանության: ԵՄ-ն և Հայաստանը կխորացնեն համագործակցությունը համապատասխան համակարգերի միջև փոխադարձ ըմբռնման մակարդակի բարձրացման և շուկաների մատչելիության բարձրացման ուղղությամբ:
Նիստի ավարտին մասնակիցները նաև մտքեր են փոխանակել առաջիկայում եվրոպական կողմին ներկայացվելիք ճանապարհային քարտեզի կառուցվածքի որոշ մանրամասների շուրջ: