Իրանը մշտական կապի մեջ է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակից երկրների հետ
Իրանի վրա ԱՄՆ-ի տնտեսական ճնշումը Թեհրանի դեմ հոգեբանական պատերազմի բաղկացուցիչ մասն է, եւ այն անօգուտ է:
Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին: «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տարվել է պատժամիջոցների սահմանմամբ… Իրանի վրա տնտեսական ճնշումն անօգուտ է, այն Թեհրանի դեմ նրա հոգեբանական պատերազմի բաղկացուցիչ մասն է»,- Ղասեմիի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:
Բացի այդ, նա հայտնել է, որ Իրանը մշտական կապի մեջ է իրանական միջուկայն ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակից երկրների հետ: Նա նաեւ նշել է, որ Իրանի հետ առեւտրական հաշվարկների համար Եվրամիության հատուկ մեխանիզմի ստեղծումը որոշակի ժամանակ կպահանջի:
«Մենք մշտական շփման մեջ ենք միջուկային համաձայնագիրն ստորագրած մյուս կողմերի հետ… Եվրամիության հետ առեւտուրը շարունակելու համար մեխանիզմի ստեղծումը որոշ ժամանակ կպահանջի»,- ասել է դիվանագետը: