Բաժիններ՝

Մարտական հերթափոխից վերադարձած ոստիկանները Վալերիյ Օսիպյանի հրամանով պարգևատրվել են

Նոյեմբերի 1-ին ոստիկանության զորքերի ծառայողներն արևածագը դիմավարել են շարահրապարակում՝ ՀՀ ոստիկանության պետից հերթական անգամ «բարի ծառայություն» լսելու և դեպի Տավուշ ճանապարհ ընկնելու։

«Հպարտանում ու հիանում եմ ձեզնով»՝ խոսքն այսպես է սկսել Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության զորքերի ծառայողներին փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույններն ու բարեմաղթանքները։

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանությունից, ոստիկանության պետը բարձր է գնահատել ոստիկանության զորքերի նախորդ հերթափոխերի մարտական պատրաստականությունն ու հայրենիքին նաև սահմանին ծառայելու պատրաստակամությունը՝ վստահ արձանագրելով, որ այս հերթափոխը ևս դիրքերն անառիկ է պահելու։

«Դուք այսօր ոստիկանության հպարտությունն եք։ Մեր բոլոր բացերը դուք լրացնում եք ձեր դրական կերպարով, ձեր հերոսական քայլերով։ Հավատացեք, սրանք ուղղակի բառեր չեն․ դուք մեր համակարգի հերոսներն եք։ Իմ շնորհակալությունը ձեր ընտանիքներին, ձեր ծնողներին․․․»,- ամփոփել է Վալերիյ Օսիպյանը։

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ օրհնության կարգ է կատարել Հայաստանի ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնական տեր Վրթանես քահանան։ Միջոցառման պաշտոնական մասն ավարտվել է հրապարակային երդմամբ։ Հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը սրբորեն կրողներին սահման ճանապարհելու էին եկել ոստիկանության մշակույթի կենտրոնի սաները։ «Երազ իմ, երկիր հայրենիքը» շարահրապարակում թևածել է նաև ոստիկան-զինվորականների շուրթերով։ Հայի մարտական ոգին խորհրդանշող երգ ու պարին հաջորդել է հանդիսավոր քայլերթը:

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, դիրքերից վերադարձել են մարտական հերթապահությունը ծառայակից ընկերներին հանձնած ոստիկանները։ Վերադարձել և ինչպես մեկնելու օրը, շարք են կազմել՝ իրենց առջև դրված խնդիրն անթերի կատարածի հպարտությամբ։ Ոստիկանության զորքերի 1033 զորամասի շարահրապարակում նրանց դիմավորել է ՀՀ ոստիկանության պետը։

Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել բարձր պրոֆեսիոնալիզմի, խրամատում ամուր կանգնելու համար՝ գիտակցմամբ, որ թիկունքում հայրենիքն ու սեփական ժողովուրդն է։ «Հպարտ եմ, որ իմ ղեկավարած համակարգում ձեզ պես ծառայողներ կան։ Հիանում եմ ձեր ամուր կեցվածքով, անկոտրում ոգով, հայրենասիրական գործողություններով։ Դուք ապացուցում եք, որ ամուր կանգնած եք ոչ միայն Հայաստանի Հանրապետության ու ժողովրդի ներքին, այլև արտաքին թշնամու առջև»,- իր խոսքն ամփոփել է Վալերիյ Օսիպյանը։

Մարտական հերթափոխից վերադարձածները ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել են մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով ու շնորահակալագրերով։ Ոստիկանության զորքերի ծառայողներն իրենց պարգևներն ստացել են անձամբ Վալերիյ Օսիպյանից։
Նրանց լավագույն և ոգեղեն պարգևը հայրենիքի սահմանները պաշտպանելու պատվին արժանանալն է։ Պարգևատրմանը հաջորդել է արարողության վերջին պաշտոնական դրվագը։ Հանդիսավոր քայլերթն ավարտվել է կարոտալի գրկախառնություններով։ Հայրենիքի այսօրվա պաշտպան հոր գրկում հայրենիքի վաղվա պաշտպանն է՝ տեսախցիկից կաշկանդվող, բայց ներսում հպարտ․ ոստիկան հայրը սահմանին էր, որ ինքն ու իր նման լուսե փոքրիկները խաղաղ քնեն ու անհոգ մեծանան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս