Լռությունը՝ ընդդեմ ընդդիմության

Օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում սուր քննադատության ենթարկեց Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ արտաքին քաղաքականության մեջ արձանագրած հաջողությունները հետևողականորեն հողին հավասարեցնելու համար: Եթե մի կողմ թողնենք դատարկ պատասխաններն ու «չեմ մեկնաբանում» բովանդակությամբ արձագանքները, ապա կարելի է ասել, որ այս կառավարությունն այդպես էլ չկարողացավ փաստացի համաչափ պատասխան տալ Վիգեն Սարգսյանի հնչեցրած մեղադրանքներին:

Այն, որ Փաշինյանի կառավարության ներկայիս կազմն իր կարողություններով ակնհայտ զիջում է նախորդներին, դա արդեն գիտեն բոլորը, սակայն այն լռության տենդենցը, որ տեսնում ենք բոլորի մոտ բովանդակային հարցերի քննարկման ժամանակ, իրոք մտահոգության առիթ է հանդիսանում:

Ի դեպ, լռության մասին: Նկատե՞լ եք, թե որքան լուռ են մեր փոխվարչապետները: Այդ լռությունն առավել ակնհայտ է դառնում Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Երբևէ տեսե՞լ եք, որ, օրինակ, փոխվարչապետներից մեկը գոնե մի հարցի պատասխանի: Էլ չենք անդրադառնում մնացած տեղերում նրանց լռության մասին՝ բացի ֆեյսբուքյան որոշ գրառումներից: Ի սկզբանե, երբ հիմնվում էր փոխվարչապետների ինստիտուտը, տրամաբանությունն այնպիսին էր, որ ՀՀ առաջին փոխվարչապետը պետք է կատարի նախկին վարչապետի ֆունկցիան՝ համակարգի երկրի տնտեսական քաղաքականությունը, բայց Արարատ Միրզոյանի կողմից այդպես էլ չտեսանք, որ մի անգամ տնտեսությամբ գոնե թեկուզև ձևականորեն զբաղվի, ինչպես ասում են՝ գոնե աշխատելու իմիտացիա ստեղծի: Մյուս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը միայն վերջին օրերին փոքր-ինչ առնչվեց երկրի տնտեսության հետ, բայց դա էլ կապված էր իր կողմից հիմնադրված «Իրիգեյթ» ընկերությանը պետական դրամաշնորհ հատկացնելու հետ:

Հիշեցնենք, որ «Հետք» լրատվական կայքը հրապարակում էր պատրաստել այն մասին, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: Հրապարակումը բուռն քննարկումների առիթ դարձավ:

Ամենաերիտասարդ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նշանակման ժամանակ բոլորն ասում էին, որ նա արտասահմանյան կրթություն է ստացել, մասնագիտությամբ բիզեսի կառավարիչ է, և այլն, և այլն: Այն, որ դա չափազանցված էր, և Ավինյանն ընդամենը արտասահմանյան մի բուհում մագիստրոսական ծրագրի էր մասնակցել՝ դեռ մի կողմ, բայց թերևս անգամ այդ ընթացքում նա այնքան էլ լավ չի սովորել, որովհետև մասնագիտական գիտելիքները չեն բավարարում տնտեսության տարրական հարցերը հասկանալու համար:

Ինչ վերաբերում է վերջին փոխվարչապետին, որն այս կադրերի մեջ ամենաբանիմացն ու փորձառուն է, նրա մոտ էլ կամ պետական աշխատանքում և հատկապես տնտեսական քաղաքականության իրականացման գործում անփորձություն կա, որովհետև հիմնականում մասնավոր՝ բանկային համակարգում է աշխատել, կամ պարզապես առանձնապես չի ցանկանում հրապարակային դաշտում երևալ:

Այս ամենով հանդերձ, եթե հայացք նետենք դեպի ապագան, կհասկանանք, որ գործող իշխանությանը շատ տխուր օրեր են սպասում: Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանն իր թիմի համար հաղթանակ կկորզի: Սակայն ԱԺ-ում նրանք ունենալու են շատ հզոր ընդդիմություն, ճիշտ է՝ սակավաթիվ, սակայն այն իր կարողություններով մի քանի անգամ կգերազանցի ողջ հեղափոխական զանգվածին: «Թավշյա հեղափոխականները» որևէ կերպ չեն կարողանում դիմակայել ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի, Արփինե Հովհաննիսյանի փաստարկված ելույթներին: Նրանք չկարողացան նաև լրջորեն պատասխանել Վիգեն Սարգսյանի արտաքին քաղաքական լուրջ հարցադրումներով մի գրառմանը: Իսկ եթե մի կողմ թողնենք քաղաքական հատվածը, որի մասին բոլորն էլ կարող են ճիշտ կամ սխալ, քիչ թե շատ խոսել ու թեման «ջրել», ապա ի՞նչ են անելու, երբ նրանց միանա և ապագա Ազգային ժողովում նույն հարթության մեջ նրանց հակադրվի ՀՀԿ-ի տնտեսական թևը, ի՞նչ են պատասխանելու: Օրինակ, ինչպե՞ս են արձագանքելու նույն հանրապետական Վաչե Գաբրիելյանի, Վարդան Արամյանի, Արտակ Զաքարյանի հարցերին ու պնդումներին:

Մի պահ ուղղակի պատկերացրեք, որ վաղն Արամյանն ու Գաբրիելյանը նստում են Փաշինյանի թիմակիցների դիմաց՝ տնտեսական հարցեր քննարկելու. գործող կառավարության այդ փոխվարչապետական եռյակից Ավինյանի՞, թե՞ Արարատ Միրզոյանի տնտեսական-քաղաքական, մասնագիտական պոտենցիալը կհերիքի: Միայն Մհեր Գրիգորյանը կդիմանա, այն էլ՝ քննարկումը կծավալվի այն ծրագրերի շուրջ, որոնք նախաձեռնել էին նախկին իշխանությունները, և այս կառավարությունը մի կերպ՝ իներցիայով, փորձում է դրանք շարունակել:

Յուրաքանչյուր հայտարարություն մասնագիտական արձագանք է ստանալու. հանրահավաքային պաթետիկ ճառերն այլևս անցյալում են: Այլևս հնարավոր չի լինի կեղծ թվեր շրջանառելով՝ մանիպուլյացիաներ իրականացնել: Գործող կառավարության՝ «թավշյա հեղափոխականների»՝ հարցերին պատասխանելու հերթն է արդեն: Կկարողանա՞ն հարցերին պատասխանել, հիմնավորված իրատեսական ծրագրեր ներկայացնել, թե՞ դարձյալ նախկին իշխանությունների հասցեին են մեղադրանքներ հնչեցնելու… կամ միգուցե փրկության է գալու հանրահայտ լռությո՞ւնը: Այս 6 ամիսների ընթացքում գործող կառավարության ակտիվությունը գործնականում այսքանով էր սահմանափակվում, որոշ դեպքերում՝ ֆեյսբուքյան անլուրջ գրառումներով: Հուսանք՝ այդ էջը կփակվի, և հասարակությանը դատարկ խոստումներով այլևս չեն կերակրի:

Մաքսիմ Մուսինյան

Տեսանյութեր

Լրահոս