Սենատորները Թրամփից պահանջում են Սաուդյան Արաբիայի հետ դադարեցնել բանակցությունները ԱԷԿ-ի շուրջ. NBC
ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատի մի խումբ անդամներ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից պահանջում են դադարեցնել Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագրի կնքման բանակցությունները, որը Միացյալ Նահանգների ընկերություններին թույլ կտա մասնակցել թագավորության տարածքում ատոմակայանի կառուցմանը:
Ինչպես հայտնել է NBC հեռուստաընկերությունը, սենատորների դիմելու պատճառ է դարձել սաուդցի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությունը։ Հեռուստաընկերությունը շարադրել է նամակի բովանդակությունը, որը Թրամփին հղել են հանրապետականներ Մարկո Ռուբիոն (Ֆլորիդայի նահանգից), Քորի Գարդները (Կոլորադոյի նահանգից), Ռենդ Փոլը (Քենթուկիի նահանգից), Դին Հելերը (Նեւադայից) եւ Թոդ Յանգը (Ինդիանայից):
«Սաուդցի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը վերաբերող մերկացումները, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի որոշ գորողությունները Եմենում եւ Լիբանանում լրացուցիչ անհանգստություն են հարուցել Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձանց տեղեկատվական թափանցիկության, պատասխանատվության աստիճանի եւ դատողությունների վերաբերյալ, որոնք մասնակցում են որոշումների ընդունմանը»,- նշել են սենատորները:
«Ուստի մենք ձեզնից պահանջում ենք տեսանելի ապագայում դադարեցնել ատոմի խաղաղ օգտագործման բնագավառում ամերիկա-սաուդական համաձայնագրի շուրջն ընթացող բոլոր բանակցությունները»,- հավելել են նամակի հեղինակները: Ինչպես պարզաբանում է հեռուստաընկերությունը, նրանք սպառնում են Կոնգրեսում արգելափակել Վաշինգտոնի եւ էր Ռիադի ցանկացած նման համաձայնություն, եթե ԱՄՆ-ի նախագահն անտեսի սույն կոչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: