««Մելլաթ» բանկի գործունեությունը Հայաստանում երբևէ չի դադարեցվել». պաշտոնական պատասխան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, ով կարճ ժամանակ աշխատելուց հետո իր դիմումի համաձայն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում պատասխանել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որով վերջինս սուր քննադատության էր ենթարկել Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանն անդրադառնալով ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի Հայաստան այցի ընթացքում հնչեցված հայտարարություններին և հայ-իրանական հարաբերություններին՝ գրել էր.
«Իրանի հարցում Հայաստանն այլընտրանք չունի, քան լիարժեքորեն ամերիկյան պատժամիջոցները կիրառելը: Իրանի հարևան և բարեկամ երկրի` Հայաստանի տարածքից հայտարարություն արվեց առ այն, որ Իրանի շուրջ օղակը սեղմվելու է: Հայաստանի շահերի հանդեպ շատ նրբանկատ և գործընկերային վերաբերմունք է, անշուշտ:
…Իրանին սպառնացող պատժամիջոցներն առաջինը չեն ԱՄՆ-Իրան հարաբերությունների մեջ: Հայաստանը միշտ կարողացել է գտնել այն ոսկե միջինը, որը թույլ է տվել պահպանել միջազգային իրավունքի պահանջները, բայց միևնույն ժամանակ՝ Իրանի հետ գերկարևոր համատեղ ծրագրեր իրականացնել: Ամերիկյան գործընկերները միշտ ըմբռնումով են մոտեցել մեր կենսական շահերին: Երբեք չեն սպառնացել մեզ «բարդ իրանական սահմանով»: Այցի հայտարարություններից մենք և, փաստորեն, ոչ միայն մենք, իմացանք, որ առաջիկայում Հայաստանը կարող է ներքաշվել նաև հակաիրանական քաղաքականության մեջ, որը վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար: Սա կարևոր լրացում է օրեր առաջ վարչապետի արած հայտարարությանը` Սյունիքով անցնող նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրելու մասին: Ի դեպ, հայտարարության, որի ղարաբաղյան թեմայի շուրջ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից օգտագործվելու էֆեկտին ականատես կլինենք հաշված շաբաթների ընթացքում»:
Վ. Սարգսյանի այս մտահոգություններին ի պատասխան՝ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, որի աշխատանքից ազատման դիմումը ներքաղաքական շրջանակներում և կուլիսներում տարբեր մեկնաբանությունների արժանացավ, գրել էր.
«Իր խոսքերով 15 տարի բոլոր միջազգային ատյաններում Հայաստանը ներկայացրած մեր այս նախկին պաշտոնյան, հայ-թուրքական արձանագրությունների գնով Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը չընդունող Օբամայի վարչակազմից Վաշինգտոնի միջուկային գագաթաժողովի մասնակցության տոմս «վաստակելն» է թերևս նվաճում համարում: Կամ հենց այդ նույն արձանագրություններով Սպիտակ տանը ցեղասպանություն եզրույթը չարտաբերելու քարտ-բլանշ տալն ու Հայաստան-Սփյուռք` նախադեպը չունեցած խորը ճգնաժամ ստեղծելն է համարում իր դիվանագիտական կարիերայի բարձրակետը: Միևնույն շրջանում (2010թ.) Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների արդյունքում «Մելլաթ» բանկի հայաստանյան մասնաճյուղի գործունեության դադարեցումը թերևս ինքնիշխանության Սարգսյանական պատկերացումների օրինակներից է»:
Այս տեղեկատվությունը, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ փորձեցինք ճշտել ՀՀ Կենտրոնական բանկից (ԿԲ)՝ արդյոք երբևէ ինչ-ինչ պատճառներով «Մելլաթ» բանկի հայաստանյան մասնաճյուղը դադարեցրե՞լ է իր գործունեությունը Հայաստանում։
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ հերքեց՝ «Նման բան չի եղել, «Մելլաթ» բանկի գործունեությունը երբևէ չի դադարեցվել»։
Ի դեպ, ԱՄՆ-ի կառավարությունը 2007թ. հայտարարեց Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին` այդ երկրի միջուկային ծրագրի պատճառով: Դրանցով, ըստ էության, Միացյալ Նահանգները սառեցրեց այն կազմակերպությունների ու անհատների հաշիվները, որոնք սերտ հարաբերություններ ունեին Իրանի մի շարք կառավարական գործակալությունների և «Հեղափոխության պահապանների կորպուսի» հետ, որին ԱՄՆ-ի վարչակազմը մեղադրում էր ահաբեկչությանը սատարելու և զանգվածային բնաջնջման զենք տարածելու մեջ: Ցուցակում, որտեղ նշված էին իրանական ռազմական գործակալությունների, բանկերի և անհատների անունները, որոնց դեմ կիրառվելու են պատժամիջոցները, ընդգրկված էր նաև «Մելլաթ» բանկը, որը Հայաստանում ևս մասնաճյուղ ունի:
168.am-ի տեղեկություններով՝ այդ ժամանակ ՀՀ ԿԲ ղեկավարության և քաղաքական իշխանության, կառավարության առջև նման խնդիր դրվել է՝ կասեցնել բանկի գործունեությունը, և զգուշացումներ էին արվել՝ այն բանկերը կամ գործարար ընկերությունները, որոնք այդ բանկի հետ որևէ գործունեություն կծավալեն, կհայտնվեն «սև ցուցակում»՝ ենթարկվելով պատժամիջոցների։ ՀՀ իշխանությունները կարողացան դիմագրավել այդ պահանջներին, և բանկը շարունակեց իր գործունեությունը, չնայած եղան բանկեր և ընկերություններ, որոնք խուսափեցին իրանական այդ բանկի հայաստանյան մասնաճյուղի հետ որևէ գործարքային հարաբերությունից։