«Եթե Սիրիայում Ռուսաստանի հետ ենք հանդես գալիս, ապա հակառուսական ուժերի քաղաքականությունն անուղղակի ձևով կարող է ազդել նաև մեզ վրա». Հովհաննես Իգիթյան
«Եթե դիտարկենք պարոն Բոլթոնի բոլոր հանդիպումները՝ սկսած Մոսկվայից, ապա կտեսնենք, որ հիմնական թեման տարածաշրջանն է. հիմնականում խոսքն Իրանի մասին է։ Գիտենք, որ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ը այլ հարցեր ունի՝ կապված միջին հեռավորությամբ հրթիռների հետ , սա առանձին հարց է և ուղղակի ձևով մեզ հետ չի առնչվում։ Հարցերը, որոնք Բոլթոնը բարձրաձայնում էր Ադրբեջանում և այստեղ, կապված են Իրանի և տարածաշրջանի հետ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցին, և, թե ինչպես այդ այցը կարող է անդրադառնալ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա։
Ըստ նրա՝ Հայաստանում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կխոսի ոչ միայն տարածաշրջանին առնչվող խնդիրներից, այլև կանդրադառնա ՀՀ կառավարության կողմից բարձրացրած հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, որոնք, Հ. Իգիթյանի բնորոշմամբ, վաղուց դարձել են երկրորդական՝ երրորդ կամ այլ երկրով պայմանավորված։
«Այս իրավիճակում այսօր Հայաստանը կարող է երկկողմ հարաբերությունների եզրեր գտնել ԱՄՆ-ի հետ։ Կարծում եմ՝ Ռուսաստանն այս երկկողմ հարաբերությունները չի դիտարկի իր դեմ ուղղված։ Ի վերջո, Հայաստանն ինքնուրույն երկիր է, և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բազմիցս շեշտել է, որ Հայաստանի հարաբերություներն այլ երկրների հետ ուղղված են մեր երկրի շահերի իրականացմանը, այլ ոչ թե այլ երկրների շահերին»,- ընդգծեց Հ. Իգիթյանը։
Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ Բոլթոնի Ադրբեջան կատարած այցի ժամանակ նախագահ Ալիևն անընդհատ փորձել է Արցախի հիմնահարցը ներկայացնել իր ձևով, որպես Հայաստանի կողմից «օկուպացված» տարածքներ, սակայն Բոլթոնն Ադրբեջանին նշել է մի երկիր, որը գտնվելով երկու երկրների՝ Ռուսաստանի և Իրանի միջև, որոնց դեմ կիրառվում են պատժամիջոցներ, ինչպես պետք է «գոյատևի»։
«Պարզ է, որ հայտարարությունները, որոնք արվում էին Ադրբեջանում, ավելի շատ արվում էին ադրբեջանական պաշտոնյաների կողմից, չնայած հաճախ՝ Բոլթոնի ներկայությամբ, բայց այն ձևակերպումները, որոնք Բոլթոնն օգտագործում էր Ադրբեջանում՝ լրիվ տեղավորվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որտեղ ԱՄՆ-ը՝ որպես համանախագահող երկիր, շարունակում է տանել այն գիծը, որը տանում է»,- շեշտեց Հովհաննես Իգիթյանը։
Անդրադառնալով 168.am-ի հարցին, թե հնարավո՞ր է՝ Բոլթոնի հայաստանյան այցից հետո Հայաստանը հրաժարվի Սիրիա զորամիավորում ուղարկելուց, Հ. Իգիթյանը նկատեց, որ չգիտի, թե Միացյալ Նահանգները որքանով է խիստ բարձրացրել այդ հարցը, սակայն այդ հարցը պետք է դիտարկվի Հայաստանի ներսում։
«Կարծում եմ՝ ցանկացած տեղում Հայաստանի զինվորականների մասնակցությունը՝ անկախ իրենց կարգավիճակից, պետք է լինի միջազգային մանդատով։ Այս դեպքում մենք զերծ կմնանք այս կամ այն ուժերի բախման հետևանքով մեզ վրա ճնշում գործադրելուց։ Մենք Սիրիայում ունենք մեր համայնքը, և մեր ներկայությունն այնտեղ կարող է այս կամ այն ձևով ազդել խաղաղության վրա, սակայն պետք է գիտակցենք, որ, եթե Ռուսաստանի հետ ենք հանդես գալիս, ապա հակառուսական ուժերի քաղաքականությունն անուղղակի ձևով կարող է ազդել նաև մեզ վրա։ Եթե Բոլթոնի այցի ժամանակ այս հարցը բարձրացվի, կարծում եմ՝ Հայաստանը կգտնի այն ճանապարհը, որը որևէ կողմի մոտ զայրույթ չի առաջացնի»,- եզրափակեց Հովհաննես Իգիթյանը։
Տեսանյութը՝ 168.am-ի
Զվարթ Խաչատրյան