«Պետք չէ տպավորություն ստեղծել, որ Կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ բան սպառնում է». Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության նիստում այսօր բացասական եզրակացություն տրվեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանի՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց, որ գործող օրենքով հետապնդվող նպատակը լուծված է:

Պատգամավորների հիմնավորմամբ՝ գործող օրենքով չի երաշխավորում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը՝ օրենքի Կաթողիկոսի անվտանգության մասով կիրառումը թողնելով վարչապետի հայեցողությանը, մինչդեռ թե՛ ՀՀ տարածքում, և թե՛ արտասահմանում ժամանակակից վտանգները հստակ մարտահրավեր են Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովման համար, ինչի վառ օրինակն է վերջին շրջանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ոտնձգությունները:

Նախագծի ընդունման դեպքում օրենքով սահմանված կարգով կերաշխավորվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը ճիշտ այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի անվտանգությունը:

Նախագծի ընդունման դեպքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվի օրենքով, այլ ոչ թե վարչապետի հայեցողությամբ: Օրենքով սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կանխարգելիչ դերակատարություն կունենա Հայաստանի տարածքում և տարածքից դուրս Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության սպառնալիքների չեզոքացման և կանխարգելման համար:

«Ընդհանուր առմամբ՝ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա, որովհետև կառավարությունն ի վիճակի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ պետք չէ տպավորություն ստեղծել, որ Կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ բան սպառնում է. «Կարծում եմ՝ իսկապես տեղին չէ»:

Փաշինյանը նաև նկատեց, որ օրենքի տրամաբանության մեջ չի մտնում, օրենքը բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին է. «Ես չեմ կարծում, որ կոռեկտ է Ամենայն Հայոց Կաթողիկոսին համարել պետական բարձրաստիճան պաշտոնյա և դնել պետական կառավարման համակարգի աստիճանակարգության մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս