Բաժիններ՝

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին առաջին անգամ արտահայտվել է Brexit-ի շուրջ

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին առաջին անգամ հրապարակավ կարծիք է հայտնել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի առաջիկա դուրս գալու շուրջ, նշելով ԵՄ-ի եւ Միացյալ Թագավորության դաշինքի ամրությունը: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:

«Մենք կանգնած ենք Եվրոպայի հետ նոր գործընկերային հարարբերությունների առջեւ, եւ մեր կարեւորագույն ակտիվը մեր ընդհանուր արժեքներն են ու պարտավորությունները: Եվ դրանք ցույց են տալիս, որ նույնիսկ չնայած փոփոխություններին, մեր տեւական դաշինքը մնում է ամուր, եւ մենք՝ որպես նորարարներ, առեւտրական գործընկերներ ու ինտերնացիոնալիստներ, վստահությամբ ենք նայում ապագային»,- ասել է թագուհին Բուքինգհեմյան պալատում կայացած ճաշկերույթի ժամանակ:

Հանդիսավոր միջոցառումը կազմակերպվել էր թագավորական պալատում ի պատիվ Նիդեռլանդների Վիլեմ-Ալեքսանդր թագավորի եւ Մաքսիմա թագուհու այցի: Ընդունելությանը ներկա են եղել 150 հյուրեր, որոնց թվում էին արքայազն Ուիլյամն ու իր տիկին Քեյթը, արքայազն Չարլզը՝ տիկնոջ՝ Քամիլլայի հետ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

Ավելի վաղ Մեյը բրիտանացի խորհրդարանականներին իրազեկել է, որ Brexit-ի վերաբերյալ ամփոփիչ համաձայնագիրը Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ պատրաստ է 95 տոկոսով, բայց առայժմ լուծված չէ Հյուսիսային Իռլանդիային վերաբերող սահմանի խնդիրը: «Ի մի բերելով ամբողջ արվածը, Brexit-ի վերաբերյալ պայմանագրի եւ դրա կանոնակարգային փաստաթղթերի 95 տոկոսը համաձայնեցված է: Հարցերի ճնշող մեծամասնության շուրջ գործարքի բովանդակությունն այժմ պարզ է»:

Սակայն համաձայնագիրը, նախարարների կաբինետի ղեկավարի խոսքով՝ չի ստորագրվի այնքան ժամանակ, քանի դեռ երկու կողմերը չեն համաձայնացրել Հյուսիսային Իռլանդիան ԵՄ-ի ընդհանուր շուկայի եւ մաքսային միության կազմում պահպանելու մեխանիզմը:

Լոնդոնը, ինչպես հիշեցրել է նա, չի կարող ընդունել ԵՄ-ի իշխանությունների առաջարկը, ըստ որի Հյուսիսային Իռլանդիան հայտնվեր մաքսային միության գոտում, որը գոյություն ունենար Միացյալ թագավորության մնացած տարածքից առանձին: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:

Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս