Բաժիններ՝

Բիզնես միջավայրի բարելավման ռուսաստանյան փորձը հետաքրքիր կլինի ԵԱՏՄ գործընկերների համար. ՌԴ ֆինանսների նախարար

Ռուսաստանը ձևավորել է ճանապարհային քարտեզներ՝ ազգային արդյունաբերության ձևավորման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Հոկտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում այս մասին հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

«Այս նախաձեռնությունները նպատակ ունեն օգնել իրականացնել այն առանցքային միջոցառումները, որոնք թույլ կտային մեզ հանդես գալ ազգային արդյունաբերության ձևավորման նախաձեռնությամբ: Դրա շրջանակում մշակվել է 12 ճանապարհային քարտեզ, որպեսզի հնարավոր լինի լուծել այն ստանդարտների խնդիրները, որոնցում մենք հետ էինք  համաշխարհային լավագույն պրակտիկայից: Մենք այս աշխատանքն արել ենք այն բանից հետո, երբ «Ռազմավարական նախաձեռնությունների» կենտրոնը գործարար միջավայրում հարցումներ իրականացրեց: Այսօր մենք ունենք որոշակի ուղղություններ, օրինակ՝ գրանցումը, միացումը հաղորդակցության կամ ենթակառուցվածքների ուղիներին, շինթույլտվության ստացումն ու մի շարք այլ ոլորտներ: Մենք արդեն մտել ենք աշխարհի լավագույն 20-յակ, բացի դրանից մենք այս փորձը տարածում ենք շրջանների վրա, որովհետև բիզնեսն աշխատում է նաև մարզերում: Այդ ընդհանուր աշխատանքից է ձևավորվում ընդհանուր պատկերը գործարարության մասին կոնկրետ երկրներում: Վերջին տարիներին մենք մեր տարածաշրջանների հետ մշակել ենք համանման նախաձեռնություններ և մշտադիտարկում ենք Ռուսաստանում և տարբեր սուբյեկտներում ձևավորվող վիճակը»,- ասաց Սիլուանովը:

Նրա խոսքով՝ ցանկացած պետություն ձգտում է բիզնեսի համար ձևավորել հարմարավետ աշխատանքային պայմաններ: Ռուսաստանը մոտ 6 տարի առաջ դիմել է Համաշխարհային բանկին՝ ներառվելու Doing business վարկանիշին:

«2012 թվականին Համաշխարհային բանկի այդ վարկանիշում ՌԴ-ն 120-րդ տեղում էր: Դրանից հետո խնդիր դրվեց ավելի բարելավել գործարար միջավայրը և ձեռնարկատիրական գործունեության պայմանները: Արդյունքում ձեռնարկատիրական միջավայրը Ռուսաստանում բարելավվեց, ինչն ընդունում են բոլոր գործարարները: Կարծում եմ՝ ցանկացած խնդիր լուծվում է տեխնոլոգիապես: Մենք վերլուծել ենք բոլոր այն դիրքերը, որոնցում մենք հետ էինք մնում միջազգային լավագույն ստանդարտներից և այն հանձնարարականներից ու առաջարկություններից որոնք ներկայացնում է Համաշխարհային բանկը կազմակերպության անդամ պետություններին»,- ասաց ՌԴ ֆինանսների նախարարը:

Սիլուանովը վստահություն հայտնեց, որ այս փորձը հետաքրքիր կլինի ԵԱՏՄ գործընկերների համար:

«Մենք հիմա ընդունել ենք ԵԱՏՄ ընդհանուր մաքսային օրենսգիրքը: Որքան շատ իրավական փաստաթղթեր ունենանք՝ նորմատիվ իրավական ակտերի տեսքով, որոնք նաև արտացոլում են լավագույն պրակտիկան, որը ձևավորվել է ամբողջ աշխարհում, այնքան ավելի լավ պայմաններ կստեղծվեն և մեր բնակիչներն ավելի լավ կապրեն»,- եզրափակեց Անտոն Սիլուանովը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս