«Ապրել միասին»-ը արգելակողները
Ֆրանկոֆոնիայի 17-րդ վեհաժողովի կայացումը Երեւանում նախ տեղավորվում է ֆրանսերենի պահպանման համար պաշտոնական Փարիզի կիրառած լեզվամշակութային քաղաքականության տրամաբանության շրջանակում։
Լեզվի, լեզվամշակույթի ու ընդհանրապես լեզվամտածողության պահպանումը եւ տարածումը ինքնին շեշտակիորեն քաղաքական երանգներ, լուռ ենթանպատակներ են ներառում եւ, ըստ էության, տարբեր աշխարհագրական միջավայրերում պետությունների ներկայությանը եւ արմատավորմանը նպաստող կարեւորագույն ազդակ են` պատմական ժամանակներից ի վեր: Այս դեպքում նաեւ լեզվական եւ մշակութային հարցերից ավելին է` քաղաքակրթության տարածման առումով:
Պարզ է, որ ֆրանսախոսությունը նահանջել է: Նահանջել է ոչ թե անպայման առաջին հայացքից զիջելով անգլերենին, որովհետեւ անգլերենը ինքն անընդհատ ձեւափոխումների ենթարկման հոլովույթում է: Համատարած է այսօր «համացանցերենը», որը սղագրություններով, պատկերատառերով, լատինատառերի եւ տվյալ լեզվի խառնուրդներով վերածվել է արագ հաղորդալեզվի: Արհեստագիտության նոր քաղաքակրթությունը ձեւախեղել է դասականը եւ նրա հետ նաեւ դասական լեզուները, որոնք նաեւ զարգացման դասական եղանակով նորոգվելու եւ վերանորոգվելու ընթացքի մեջ լինելու դերում են:
Նոր քաղաքակրթությունը Ֆրանսիայի նախագահի ընկալմամբ աշխարհակարգ ձեւավորել է, որը հատկանշվում է ստով, ատելության քարոզչությամբ եւ վերջին տասնամյակներին համախմբվելու համար գործած կանոնների չեզոքացումով ու վերացումով: Ուստի, ֆրանսախոս երկրների վեհաժողովը պետք է վերածվի վերստին համախմբվելու սթափության հարթակի:
Գերտերության ներկայացուցչի կողմից հնչեցված ահազանգը, իրավիճակը բնութագրող իր տված հատկանիշերով, խոսում է ըստ էության անհատական, մարդկային արժեհամակարգի իսպառ բացակայելու դատապարտման միտող այսօրվա իրադրությունների մասին:
Եթե սուտը պիտի ընկալվի իբրեւ գերտերությունների կողմից իրականանալի ռազմական միջամտության համար պատրվակային հիմնավորում, ապա ատելության քարոզչությունը` զանգվածային տարողությամբ մարդկային կյանքերի հաշվին պատերազմներ հրահրելու հզոր մեքենա: Գերնպատակների համար կիրառվող այս միջոցները հիմնովին արգելակում են մարդկանց, հավաքականությունների եւ պետությունների համախմբումները կամ 17-րդ վեհաժողովի կարգախոսով` «Ապրել միասին»-ը:
Վեհաժողովի կայացումը Երեւանում եւ այդ շրջագծում տարբեր առիթներով կատարված Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հրամայականի կամ արցախյան տագնապի էության հիման վրա մարդու տարրական ինքնորոշման իրավունքի հիշեցումները վերաբերում են նաեւ մեր ազգային խնդիրներին: Այնտեղ նկատելու համար, որ սուտը կամ ժխտողականությունը եւ դրանք կիրառողները իրե՛նք են, որ արգելակում են համախմբվելը կամ միասին ապրելը: Փակում են ճանապարհները եւ արծարծում են նախապայմանները: Իսկ արցախյան հիմնախնդրի առումով ատելության քարոզչություն իրականացնողները չեն հարգում միջազգային պայմանավորվածությունները եւ հարվածում են բանակցային խաղաղ ճանապարհային գործընթացները:
Սթափության կոչը` կլիմայական հարցերի, միջազգային ահաբեկչության դեմ համախմբված աշխատելու, քաղաքակրթական արժեհամակարգերը վերականգնելու եւ նման հարթակ լիարժեք օգտագործելու, ուրեմն վերաբերում է նաեւ ազգային խնդիրներին:
Սթափ ընկալելու նաեւ այն անհրաժեշտությունը, որ Ցեղասպանությունը պատժելի եւ հատուցելի հանցագործություն է, որ ժխտողականությունը մերժելի է եւ ատելության պետական քարոզչություն տարածելը խաղաղ գործընթացները արգելակող գործոն է:
Երեւան ժամանած աշխարհի 84 երկրների պաշտոնատարները Ֆրանկոֆոնիայի 17-րդ վեհաժողովում ընդգծած հրամայականներին ընդառաջ սթափ գնահատական տալու անհրաժեշտության առաջ են` միասին ապրելու կամ համախմբվելու առաջադրանքների իրականացման դեմ արգելքներ դնող պետությունների կիրառած քաղաքականության: Նրանց շարքում` նաեւ Անկարային եւ Բաքվին: Սկզբունքով` նախ նրանց։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր