Բաժիններ՝

«Նոր Երևանում մարդկային էտալոն պետք է լինեն նրանք, ովքեր հարգալից են օրենքի և կրթության նկատմամբ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանն իսկապես հզոր քաղաք է համարում, մայրաքաղաք, որտեղ ապրում են հայության բոլոր շերտերը ներկայացնող մարդիկ:

Երևանի քաղաքապետարանում նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողության ժամանակ ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը հիշատակեց այն մարդկանց անունները, ովքեր մեծ ներդրում են ունեցել Երևանի պատմության ստեղծման գործում: «Կոմիտաս, Թամանյան և Թումանյան: Նրանք առանցքն են մեր պատմության կերտման և մենք մեր խոնարհումը պետք է բերենք մեր ինքնության այս հզոր հենասյուներն»,-ասաց նա: Փաշինյանի խոսքով` նոր Երևանում մարդկային էտալոն պետք է լինեն նրանք, ովքեր հարգալից են օրենքի, կրթության նկատմամբ:

«Մեր հիմնական առաքելությունն է մարդկանց հետ ազնիվ լինել: Սխալ  է ենթադրել, որ Երևանի պաշտոնյաները, ավագանին սխալներ թույլ չեն տալիս: Կատարյալ մարդ չկա և բոլորս էլ ամեն պահի կարող ենք սխալվել և սխալվու ենք, բայց շատ կարևոր է մարդկանց չխաբելը»,-հավելեց նա:

ՀՀ վարչապետը կարևորեց Երևանի ավագանու ընտրությունները` քաղաքական, համապետական իմաստով: Նրա գնահատմամբ՝ դրանք շատ կարևոր նշանակություն ունեցան, որովհետև, ըստ էության, սկիզբ դրեցին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ սկսելու գործընթացին:

«Մենք պետք է կարողանանք հնարավորինս շատ մարդկանց պոտենցիալ ներգրավել մեր ընդհանուր գործի իրականացման մեջ և պատրաստ ենք համագործակցության բոլոր ցանկացողների հետ; Մենք չպետք է առաջնորդվենք հինը ժխտելու, քանդելու մղումով: Մենք երբեք չենք ասել,որ Երրորդ հանրապետության գոյության ընթացքում մեր երկրում արժեքներ չեն ստեղծվել: Մեր խնդիրն է նոր էջ բացել մեր պատմության մեջ, որտեղ գերակա կլինի համաձայնությունը»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, բոլորն այստեղ հավասար են օրենքի առաջ: «Մեր երկրում չպետք է լինեն արտոնյալներ, կոռուպցիա: Քաղաքացին պետք է լինի հարգված մեր երկրում: Մեր քաղաքացիների ամենակարևոր պահանջը խաբված և անարգված չլինելն է»,-նշեց նա:

Շնորհավորելով Հայկ Մարությանին, վարչապետ Փաշինյանը մաղթեց նրան և ավագանու անդամներին արդյունավետ աշխատանք հայ ժողովրդին, երևանցիներն և Հայաստանի Հանրապետությանը ծառայելու գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս