Ֆրանկոֆոնիայի ընտանիքը զարգանալու մեծ հնարավորություններ պետք է ունենա. ՖՄԿ գլխավոր քարտուղար
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն շնորհակալություն հայտնեց Հայաստանին բարձր մակարդակով ընդունելություն կազմակերպելու համար: Այս մասին Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսին նշեց Լուիզ Մուշիկիվաբոն:
«Հայաստանում գտնվելու օրերին ամենուր ջերմ մթնոլորտ էր, գեղեցիկ ժպիտներ էին, թե՛ մեր աշխատանքային վայրում, թե՛ դրսում: Մարդկանց հետ շփումն ուղղակի հաճելի էր, Հայաստանից կգնանք շատ լավ հիշողություններով»,- շեշտեց նա:
Խոսելով իր առաջիկա անելիքների մասին՝ Լուիզ Մուշիկիվաբոն ասաց, որ ինքը չի գալիս Ֆրանկոֆոնիայում հրաշքներ գործելու համար:
«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն արդեն շատ վաղուց գոյություն ունի: Ես վստահ եմ, որ մեր կազմակերպությունը գտնվում է ճանապարհների խաչմերուկում: Այսօր ապրում ենք անկանխատեսելի աշխարհում, սակայն կան մեր կազմակերպությունն առաջ տանելու մեծ հնարավորություններ: Պետք է ջանք գործադրել, որ մեր կազմակերպությունը լինի այնտեղ, որտեղ պետք է լինի»,- ընդգծեց նա:
Տարբեր տարիներին ՖՄԿ գլխավոր քարտուղարներն իրենց պաշտոնավարման ժամանակ զգալի աշխատանք են կատարել, սակայն Լուիզ Մուշիկիվաբոն վստահ է, որ հնարավոր է ավելին անել:
«Հաջորդ տարվա սկզբից պետք է սկսեմ իմ գործունեությունը. մինչ այդ մտածելու, խորհելու հավաքված գաղափարներն ամփոփելու ժամանակ ունեմ: Պետք է փորձեմ էլ ավելի բարելավել աշխատանքը: Ես Ռուանդայից եմ, բայց ես աշխարհի քաղաքացի եմ: Ֆրանկոֆոնիայի ընտանիքը զարգանալու մեծ հնարավորություններ պետք է ունենա՝ շոշափելի նպաստ բերելով ընդհանուր գործին»,- հավելեց նա:
Լուիզ Մուշիկիվաբոն կարևորեց երիտասադրների հետ աշխատանքը: Նա նշեց, որ երիտասարդներին ուղղված շատ տարբեր ծրագրեր կան, սակայն տարբեր հանդիպումներում պարզ է դառնում, որ նրանց հանդեպ կազմակերպությունը պարտականություն ունի: « Ես բոլոր երիտասարդներով եմ հետաքրքրվելու: Փորձելու եմ հանդիպել ու վեր հանել այն տաղանդներին, որոնք կան մեր կազմակերպության ներսում»,-ասաց նա: