ՀՅԴ-ն դեմ չէ Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի նախագծին

Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի նախագիծը Հայ Հեղափոխական դաշնակցության համար ընդհանուր առմամբ ընդունելի է։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը, Ազգային ժողովի խմբակցությունների շրջանակներում եղած քննարկումները և այն փաթեթը, որ ներկայացվել է հանձնաժողովի կողմից, շատ մեծ ընդհանրություններ ունեն։

«Ըստ էության՝ շատ հարցեր տեղ են գտել այդ փաթեթում։ Իհարկե, կան մի քանի խնդիրներ, որոնց հետ կապված՝ ՀՅԴ դիրքորոշումը փոքր-ինչ այլ է»,- ասաց Ա.Համբարձումյանը՝ որպես օրինակ նշելով համամասնական բաց ցանկերի հետ կապված ՀՅԴ մոտեցումը։

ՀՅԴ-ն, հիշեցնենք, առաջարկում էր ԸՕ-ում ամրագրել բաց համամասնական ընտրակարգը, որի դեպքում քվեաթերթիկի վրա տեղ են գտնում նաև տվյալ քաղաքական ուժի բոլոր թեկնածուների անունները։ ՎՀ ուղարկված նախագծով սահմանվում է պարզ համամասնական ընտրակարգ, երբ քվեաթերթիկի վրա թեկնածուների անուններ չեն նշվում, և ընտրողը միայն քաղաքական ուժին է ձայն տալիս։

Հարցին՝ նախագծում չկա՞ն այնպիսի կետեր, որոնց ՀՅԴ-ն դեմ է, Ա.Համբարձումյանը պատասխանեց. «Ըստ էության՝ ոչ։ Կան մի քանի հարցեր, որոնք, կարծում եմ, քննարկումների ժամանակ հնարավոր կլինի ավելի հստակեցնել։ Բայց փոփոխությունների փաթեթը, ըստ էության, մեծ հաշվով արտացոլում է այդ քննարկումների արդյունքները»։

Հետաքրքրվեցինք՝ հնարավոր կլինի՞ մինչև դեկտեմբեր ընդունել նախագիծն ու ընտրությունների գնալ նոր օրենսգրքով, ՀՅԴ ԳՄ անդամը պատասխանեց. «Մենք շատ կուզենանք, որ այդպես լինի, որովհետև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը պայմանավորված է եղել ԸՕ էական բարեփոխումներով, և,առհասարակ, առանց բարեփոխումների գնալ արտահերթ ընտրությունների, չեմ կարծում, որ ճիշտ է»։

Տեսանյութեր

Լրահոս