Հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի ձեռքբերման համար կառավարությունը հատկացրեց 38 մլն դրամ
Առողջապահության նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 38 մլն դրամ՝ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի ձեռքբերումն իրականացնելու նպատակով: Այս որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 10-ի նիստում:
Գումարը կփոխանցվի Առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնին» և «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնին»:
Մասնավորապես, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին» կհատկացվի 25,891 մլն դրամ, իսկ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնին»՝ 12,186 մլն դրամ:
Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է, որ հիշյալ երկու կազմակերպությունների կողմից հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի ձեռքբերման նպատակով միջազգային գնումների վեց գործակալներին առաջարկվել է ներկայացնել գնային առաջարկներ:
Վերոնշյալ գների հաշվարկներն իրականացվել են` հիմք ընդունելով միջազգային գնումների գործակալների կողմից ներկայացված գնային առաջարկները, որոնց վրա հաշվարկվել են նաեւ մասքավճարներ, բրոքերային (մաքսային ձևակերպման) վճարներ, ինչպես նաեւ տեղափոխման և պահպանման ծախսեր: Ընդ որում, բրոքերային (մաքսային ձեւակերպման) և տեղափոխման վճարները սահմանվել են` ըստ առանձին մատակարարների:
Մասնավորապես, քանի որ նախատեսվում է, որ յուրաքանչյուր մատակարարի կողմից իր կողմից իրականացվելիք բոլոր դեղերի մատակարարումները կիրականացվեն միանվագ կարգով, հետեւաբար բրոքերային (մաքսային ձեւակերպման) և տեղափոխման ծախսերը եւս կիրականացվեն մեկ անգամ: Իսկ բրոքերային (մաքսային ձևակերպման) վճարների չափերը յուրաքանչյուր ՊՈԱԿ-ի դեպքում սահմանվել են` հիմք ընդունելով վերջիններիս կողմից վերոնշյալ ծառայությունների ձեռքբերման համար կնքված պայմանագրային գները:
ՊՈԱԿ-ներին նշված գումարները տրամադրելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել ՀՀ 2018թ. պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ծրագրերի վերաբաշխում: Մասնավորապես, նախատեսվում է «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին եւ հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագրի անվանացանկով նախատեսված հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի (էթամբուտոլ, իզոնիազիդ, ռիֆամպիցին) և ԲՆԱ-ների (ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցների հավաքածուներ) գումարների նվազեցում, ինչպես նաեւ գլիմեպիրիդ-մետֆորմին, հիդրօքսիկարբամիդ, դեսմոպրեսինի ացետատ դեղերի քանակների նվազեցում, որոնք 2018թ. ընթացքում չեն գնվելու` հաշվի առնելով դեղերի մնացորդները եւ առողջապահական կազմակերպությունների կողմից տրամադրված հաշվետվությունների արդյունքում արձանագրված պահանջարկի վերագնահատման արդյունքները:
Կառավարության որոշման կիրառման արդյունքում ակնկալվում է ՀՀ բնակչության շրջանում հակառետրովիրուսային եւ հակատուբերկուլյոզային դեղերի անընդմեջ մատակարարում, որի հետեւանքով կապահովվի Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի կանխարգելումը եւ բուժումը:



