Բաժիններ՝

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը հրաժարվում է ծառայողական մեքենաներից, նույնը հորդորում է նաև  գործընկերներին

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները պատրաստ են լուծելու Երևան քաղաքի առջև ծառացած խնդիրները, սկսած տրանսպորտից՝ մինչև բժշկական և առևտրային ոլորտներում առկա խնդիրները, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեցին ավագանու անդամները, որոնք հինգն են՝ Արման Աբովյան, Միքայել Մանրիկյան, Արմեն Ներսիսյան, Մարկոս Հարությունյան և Հռիփսիմե Առաքելյան։

Արման Աբովյանի խոսքով՝ իրենց ներկայացուցիչները ներկայացված են ավագանու հինգ հանձնաժողովներում և այժմ էլ մեծ աշխատանք են տանում մայրաքաղաքի  խնդիրներն արդյունավետ լուծելու համար։

«Մայրաքաղաքի բյուջեն շատ չի համապատասխանում Երևանին՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Այսօր ծանր խնդիր է, թե ինչպես կարելի է ավելացնել բյուջետային միջոցները, մյուս կողմից էլ՝ ինչպես կարելի է նվազեցնել այն անհասկանալի տարբեր տիպի գանձումները, լիցենզիաները, որոնք գոյություն ունեն Երևանում։ Իհարկե, մենք աշխատելու էինք, որպեսզի իջեցնենք հարկային և լիցենզիոն բեռերը։ Սրան զուգահեռ՝ մայրաքաղաքն ունի մեծ խնդիր, այն է, ոչ թե բարձրացնի բյուջեն և բյուջետային ծախսերը, այլ դրանք արդյունավետ գործի»,- նշեց Ա. Աբովյանը։

Նա հայտարարեց, որ հաշվի առնելով ծախսերի ճիշտ տեղաբաշխումը և խնայողությունը, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը հրաժարվում է ծառայողական մեքենաներից։
Նրա խոսքով՝ սա մի քայլ է, որը ցույց է տալիս իրենց աշխատանքի հիմնական ուղղությունը։

Կարդացեք նաև

«Կրկնում եմ՝ հրաժարվում ենք մեքենաներից և մեքենայի հետ կապված օժանդակ բոլոր ծախսերից։ Կոչ եմ անում ավագանու մեր գործընկերներին՝ քաղաքապետին, ապագա թաղապետերին, որդեգրել նույն քաղաքականությունը։ Կարծում եմ՝ այս հարցն ըմբռնումով կընկալվի մեր գործընկերների կողմից։ Առհասարակ, այն գործընկերները, որոնք մտահոգված են Երևանի տրանսպորտային խնդիրներով, առաջարկում եմ երթևեկել երթուղայիններով, թեկուզ հեծանվով, հատկապես այն դեպքում, երբ արդեն կա օրինակը, երբ բարձրաստիճան պաշտոնյաները երթևեկել են հեծանվով»,- փաստեց Ա. Աբովյանը։

Ավագանու մյուս անդամներն էլ անդրադարձան մանկապարտեզների, դպրոցների, առողջապահության, մշակույթի ոլորտում առկա խնդիրներին և վստահեցրեցին, որ դրանք վեր կհանեն և հետամուտ կլինեն, որպեսզի լուծվեն։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս